Ոչ իշխանական եռյակը`ՀԱԿ, ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՙԺառանգություն՚, մերժել է 12 կետից բաղկացած ընդդիմության պահանջների շուրջ բանակցությունների վերաբերյալ կառավարության առաջարկը: Բանակցություններից հրաժարվելու մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եռյակի հերթական նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը:
ՙԵռյակն իշխանությունների հետ բանակցությունների որևէ իմաստ չի տեսնում: Կարծում ենք, որ նման առաջարկներով իշխանությունները ցանկանում են ընդդիմությանը ներքաշել երկար և անիմաստ բանակցությունների մեջ`ժամանակ շահելու և աճող համազգային շարժումը կոտրելու նպատակով՚,-ասել է Զուրաբյանը:
Նա վստահ է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում երկրի ղեկավարությունը կարող էր առանց եռյակի հետ որևէ քննարկման կատարել նշված 12 կետը: ՙԵթե իշխանությունները, իրոք, պատրաստ են փոխզիջման գնալ, մենք նրանց նման հնարավորություն կտանք, մասնավորապես`եռյակը մտադիր է խորհրդարանի արտահերթ նիստ նախաձեռնել, որի ժամանակ պետք է քննարկվի 10-րդ կետը, որն առնչվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, այն է`անցում 100% համամասնական ընտրակարգի և քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում: Մենք շանս կտանք իշխանություններին` ապացուցելու, թե որքանով կարող են կատարել իրենց խոստումները՚,- նշել է քաղաքական գործիչը:
Նշենք, որ ոչ իշխանական կուսակցություններն իշխանություններին ներկայացրել էին 12 պահանջ, որոնք առնչվում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կառավարությունը 12 էջի վրա հիմնավորել էր դրանք կատարելուց իր հրաժարվելը: Իսկ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե կառավարությունը պետք է կետ առ կետ քննարկի ընդդիմության 12 պահանջները և նշի կոնկրետ այն գործընթացները, որոնց միջոցով այդ կետերը կիրագործվեն: Նոյեմբերի 18-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական քառյակին առաջարկել է 12 առաջարկների ուսումնասիրման աշխատանքային խմբեր ձևավորել:
Խոսելով եռյակի հետագա ծրագրերի մասին`Զուրաբյանը հայտնել է համաժողովրդական շարժման քաղխորհուրդ ձևավորելու մտադրության մասին: Կստեղծվեն նաև շարժմանն արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը համակարգող մարմին, հասարակական խմբերի հետ աշխատանքի կառույցներ, միասնական տեղեկատվական կենտրոն, քաղաքացիների իրավական աջակցության խումբ, սփյուռքային կառույցների հետ աշխատանքի աշխատանքային խումբ և երիտասարդական կենտրոն: ՙՍրանք ընդամենը որոշումներ են, որոնք կյանքի կկոչվեն մոտ ժամանակներս՚,- ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը: