Դիվանագետների խնդիրը խաղաղությանը նպաստելն է, այլ ոչ թե՝ պատերազմ քարոզելն ու ազգամիջյանն ատելություն հրահրելը: Այդ մասին ասվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ՝ ի պատասխան Ադրբեջանի դեսպանի մեկնաբանություններին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն դիտարկման առնչությամբ, որ Բյուլ-բյուլ Օղլիի գործունեությունը դիվանագիտական էթիկայից, կոռեկտությունից դուրս է:
ՙՈւրիշ ինչ գնահատական կարելի է տալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի հայտարարություններին, երբ նա խոսում է «Ղարաբաղում նոր պատերազմի անհրաժեշտության մասին, որում նա ինքը` հրացանը ձեռքին, պատրաստ է պայքարել և օրինակ ծառայել Ռուսաստանում բնակվող մյուս ադրբեջանցիների համար՚, կամ այն դեպքում, երբ նա ասում է, որ «ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումն ապացուցել է իր անօգտակարությունը, այդ պատճառով էլ միակ լուծումը մնում է ռազմական ճանապարհը: Դիվանագետների խնդիրը խաղաղությանը նպաստելն է և ոչ թե պատերազմ քարոզելն ու ազգամիջյանն ատելություն հրահրելը, հատկապես մի երկրում, որտեղ շատ հայեր և ադրբեջանցիներ են ապրում՚, - ասվում է ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ադրբեջանցի գործընկեր Փոլադ Բյուլ-բյուլ Օղլիի համեմատ Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի անարդյունավետ գործունեության վերաբերյալ պատգամավոր Գուրգեն Արսենյանի դիտարկմանը, հայտարարել էր. ՙ Ես լրիվ հակառակ կարծիքի եմ Բյուլբյուլօղլուի գործունեության մասին: Ես չեմ կարծում, որ դա դիվանագիտական գործունեություն է: Դա դիվանագիտական էթիկայից, կոռեկտությունից էլ դուրս գործունեություն է, և մենք այստեղ չենք կարող համեմատություններ անել մեր դեսպանության հետ և ասենք, որ իրենք էլ շարժվեն նույն կերպ՚:
Ի պատասխան՝ Բյուլ-բյուլ Օղլին նշել է, որ արտասահմանյան երկրներում հավատարմագրված դիվանագետների աշխատանքն իրավունք ունեն գնահատել
նրանց ուղարկող և ընդունող պետությունների ղեկավարները, այլ ոչ թե՝
երրորդ երկրների նախարարները: Իսկ երրորդ երկրների նախարարները, ադրբեջանցի դեսպանի խոսքով, պետք է գրագետ հրահանգներ տան իրենց անմիջական ենթականերին, այլ ոչ թե՝ այլ երկրի դիվանագետներին: