Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հերքել է Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթի բացման մասին լուրը: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
Կուխտան նշել է, որ չվերթի բացման վերաբերյալ հայկական ԶԼՄ-ների հրապարակումներից հետո դեսպանատունն անմիջապես արձագանքել է, և ինքն անձամբ հանդիպել է Արտաքին գործերի նախարարության և Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների հետ: ՙՊաշտոնական մարմինները հայտարարել են, որ ուղիղ չվերթի թույլտվություն ոչ ոք չի տվել՚,- ասել է դիվանագետը:
Դեսպանը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ համաձայնագրերի, ինչպես նաև Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO - International Civil Aviation Organization) կանոնների համաձայն, Հայաստանի տարածքից դեպի Ուկրաինա և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթերը պետք է համաձայնեցվեն միայն պաշտոնական մակարդակով: