Ոստիկանության երեք աշխատակից ենթարկվել է վարչական տույժի` ապրիլի 22-ին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության ակցիայի ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար: Այդ մասին իր «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը երթ էր կազմակերպել դեպի նախագահի նստավայր, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց այն իրականացնել, քանի որ ակցիան արտոնված չէր: Ցուցարարները դիմեցին խորամանկության, նրանք Ազատության հրապարակից մեկ այլ կողմից դուրս եկան Մաշտոցի պողոտա, եւ խումբ-խումբ շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա: Դա առիթ ծառայեց, որպեսզի ոստիկանները շղթա կազմեն և մի քանի բախումներից հետո 42 քաղաքացու բերման ենթարկեն: Բերման ենթարկվածների մեջ կային նաեւ լրագրողներ: