Սարգսյանի և Ալիևի միջև հնարավոր հանդիպումից ինչ-որ ակնկալիքների մասին հնարավոր կլիներ խոսել, եթե ադրբեջանական կողմը նահանջեր իր մաքսիմալիստական դիրքերից: Նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` լրագրողների հետ զրույցում:
Նրա ասելով, ակնկալիքներ կարող են հայտնվել այն ժամանակ, երբ պաշտոնական Բաքուն դադարի խոսել ուժի դիրքերից: «Մյուս կողմից` դա բնավ չի նշանակում, թե նման հանդիպումներ պետք չեն», - հայտարարել է Քոչարյանը, հավելելով, որ նույնիսկ պատերազմող երկրների միջև հնարավոր են հանդիպումներ և բանակցություններ: Հայաստանի փոխարտգործնախարարը չի կոնկրետացրել նախագահների հանդիպման օրն ու վայրը, հավաստիացնելով, թե հենց որ հստակեցում լինի, այդ մասին լրացուցիչ կհաղորդվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա դեկտեմբերի սկզբին: Մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Հայաստանի սահմանադրական հանրաքվեից հետո: Մինչդեռ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ նախագահների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա, ակնարկելով, որ անիմաստ է հանդիպել պարզապես հանդիպելու համար: ԱրմԻնֆո-ի աղբյուրները հաստատում են այդ տեղեկատվությունը, նշելով, որ ներկայում հանդիպման վերաբերյալ որևէ հստակ պայմանավորվածություն չկա, և դեկտեմբերի սկզբի վերաբերյալ հայտարարված ժամկետները չեն համապատասխանում իրականությանը: