Հայաստանի և Ադրբեջանի միջև անդրսահմանային համագործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ կբացի, Ռիգայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:
ՙԱրևելյան գործընկերություն՚ գագաթնաժողովն ընթանում է մայիսի 21-22-ը Ռիգայում: Մասնակից 6 երկրից առնվազն 2-ը`Վրաստանը և Ուկրաինան, Ռիգայի գագաթնաժողովից ակնկալում են ԵՄ հետ վիզային ռեժիմի վերացում: Սակայն, Ուկրաինայի և Վրաստանի կողմից վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի ուղղությամբ քայլերի իրականացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի մայիսի 8-ին հրապարակված զեկույցն այդ առնչությամբ առանձնակի լավատեսություն չի ներշնչում:
ՙՄենք ականատես ենք եղել անդրսահմանային համագործակցության Բալկաններում, ինչը լավ օրինակ է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար: Անդրսահմանային համագորխակցությունն առաջին հերթին հակամարտության կողմերի միջև վստահության կառուցման կարևոր տարր է`հաշվի առնելով, որ նոր սերունդը ձգտում է հաղթահարել անցյալի խնդիրները: Այդ պատճառով մենք մտադիր ենք զարգացնել անդրսահմանային համագործակցությունը Հարավային Կովկասում՚,- ասել է նա:
Նշելով, որ ղարաբաղյան հակամարտությունը գոյություն ունի բավականին վաղուց`Հանն ընդգծել է, որ ԵՄ-ն հնարավոր բոլոր ջանքերը գործարում է հակամարտության կարգավորման համար: Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ հակամարտության կողմերը պետք է խնդրի կարգավորման նոր մեթոդներ փորձեն:
Միաժամանակ Հանը համոզմունք է հայտնել, որ օրվա վերջում Ռիգայի գագաթնաժողովին մասնակցող կողմերի կողմից կմշակվեն ամփոփիչ հռչակագրի`բոլորին գոհացնող փոխզիջումային ձևակերպումներ, այդ թվում`Ղրիմի առնչությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանը և Բելառուսը հրաժարվել են ստորագրել Ռիգայի գագաթնաժողովի ցանկացած ամփոփոիչ հայտարարություն, եթե դրանում Ղրիմի բռնակցման վերաբերյալ արտահայտություն լինի: