ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ պարոն Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը, ինչը պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ: Այդ մասին ասվում է ի պատասխան ԻՆՏԵՌ ՌԱՕ ընկերության ղեկավար պարոն Կովալչուկի հայտարարության ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
ՀԾԿՀ պաշտոնական դիրքորոշման համաձայն, հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում: «Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը», - նշում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում «Ինտեր ՌԱՕ» վարչության նախագահ Բորիս Կովալչուկը հայտարարել էր, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում առկա բարդ իրավիճակը, որի պայմաններում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը զանգվածային բողոքների պատճառ է դարձել, բացառապես տնտեսական պատճառներ ունի, այլ ոչ թե` քաղաքական, և կարգավորման հատվածում առկա համակարգային խնդիրների արդյունք է: «Ինտեր ՌԱՕ»-ն վերահսկում է ՀԷՑ-ը, որը երկրի բաշխիչ ցանցերի համալիրի մենաշնորհատեր է: Ծանր ֆինանսական վիճակում գտնվող ընկերությունը Հայաստանի կարգավորողից խնդրել է 40%-ով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները: Կարգավորողը հայտը բավարարել է մասամբ` սակագները բարձրացնելով 16%-ով: «Ինտեր ՌԱՕ» ղեկավարը հայտարարել էր, որ ՀԷՑ-ի կրած վնասների պատճառը Հայաստանում գործող կարգավորման համակարգն է, որը ենթադրում է արտադրող ընկերությունների ֆինանսավորում ՀԷՑ-ի հաշվին, ինչպես նաև ընկերությանը հարկադրում է գնել ավելի թանկ էլկետրաէներգիա, քան նախատեսված է Հայաստանի հաստատված էներգետիկ հաշվեկշռով` առանց սպառողների կողմից փոխհատուցման: Նա հավելել էր, որ 11 տարիների ընթացքում սակագնի անբավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաև հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել են մի իրավիճակի, երբ երկրի բաշխիչ ցանցերի համալիրը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել: «Սրանք են ստեղծված ֆինանսական բարդ իրավիճակի հիմնական պատճառները», - ասել էր Կովալչուկը: Նա հավելել էր, որ ավելի վաղ ընկերությանը հաջողվում էր փոխառությունների օգնությամբ փակել դրամարկղային ճեղքվածքները, սակայն այդ հնարավորություններն այսօր սպառված են: «Նկատի ունենալով 2014 թվականի սկզբից ՀԷՑ դրամական միջոցների անբավարարությունը` հնարավորություն չունենալով ժամանակին վճարել արտարդողների մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց, ընկերությունը հայտնվել է ֆինանսական անկայունության շեմին», - ասել էր Կովալչուկը: