Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) անդամները երեկ երեկոյան Ստամբուլում երթով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Երթի մասնակիցները հարգել են 1915 թվականին ձերբակալված, արտաքսված և սպանված հայ մտավորականության ներկայացուցիչների հիշատակը: Նրանք նախ 30 րոպեանոց նստացույց են արել, մեխակներ են դրել, մոմ են վառել, որից հետո հայկական երաժշտության ներքո երթ են սկսել: Ակցիայի ավարտից հետո կարդացվել է հայտարարություն, որտեղ նշվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությւոնը խաղաղությունը հաստատելու համար:
«Ուղիղ 100 տարի առաջ այս հողերը պատմության ամենամեծ կոտորածներից մեկի ականատեսն են եղել: Հազարավոր տարիներ այս հողերում ապրած, Անատոլիայի հնագույն ազգերից հայերն ու ասորիները 1915-ին մեծ ցեղասպանության են ենթարկվել: Նրանք աքսորվել են իրենց տներից, զոհվել, նրանց ունեցվածքը թալանվել է՝ հազարավոր տներ, եկեղեցիներ, վանքեր կողոպտվել են: Նրանց վնասները փոխհատուցելու, արդարության ու առերեսման համար հանձնաժողով պետք է ստեղծվի: Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական հարաբերություններ պետք է զարգանան: Թուրքիայի կողմից միակողմանի փակված հայ-թուրքական սահմանը բացել է պետք»,-ասված է հայտարարության մեջ։