«Ժառանգության» ղեկավարությունը չի մասնակցի մարտի 1-ի
ՀԱԿ հանրահավաքին: Փետրվարի 27-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այդ մասին
հաղորդել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նշել է, որ
մարտի 1-ին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և վարչության անդամները
մեկնելու են Տավուշի մարզ, որտեղ հանդիպումներ են անցկացնելու սահմանամերձ
գյուղական համայնքների բնակիչների հետ: «Մեր կուսակցության մյուս բոլոր
ներկայացուցիչներն ազատ են իրենց գործողություններում և, ցանկության դեպքում,
կարող են ներկա լինել ՀԱԿ հանրահավաքին», - ասել է Հակոբյանը: Պատասխանելով այն
հարցին, թե ինչու է Տավուշի մարզ ուղևորությունը նշանակվել հենց մրատի 1-ին` ընդդիմության
գործընկերների հանրահավաքի օրը, Հակոբյանը հայտարարել է, որ Տավուշի հանդիպումները
նախատեսված էին կուսակցության` նախապես մշակված աշխատանքային ժամանակացույցով, և
այդ որոշումն այլ աստառ չունի:
Ինչ վերաբերում է մարտի 5-ին ԲՀԿ համագումարին
«Ժառանգության» ներկայությանը, ապա, Հակոբյանի ասելով, իրենք հրչավեր չեն ստացել:
Հիշեցնենք,
որ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ոչ իշխանական եռյակ այլևս գոյություն
չունի: Նա քննադատել էր նույն հրապարակում համատեղ հանրահավաքը չեղյալ
հայտարարելու որոշումը: