Շաքարավազի շուկայի հնարավոր մենաշնորհման մասին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությունը լավատեսության տեղ չի թողնում կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Մայիսի 31-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Тransparency International Against Corruption հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Օկտանյանը:
Նրա ասելով, եթե նման նախադեպ լինի, չի բացառվում, որ մյուս ոլորտները նույնպես մենաշնորհվեն` շղթայական ռեակցիայով: «Չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է: Նույնիսկ, եթե ստեղծվի օրինական մենաշնորհ, և ՀԾԿՀ կարգավորի գները, ապա դա կարող է հանգեցնել տվյալ մթերքի դեֆիցիտի շուկայում», - հայտարարել է փորձագետը:
Նա նաև նշել է, որ մեծ հույսեր չի կապում երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու մտադրության վերաբերյալ վարչապետի հայտարարությունների հետ, քանի որ այդ երևույթն արմատախիլ անելու համար անհրաժեշտ են տնտեսական համակարգի փոփոխություններ: Այդ համատեքստում փորձագետը նշել է, որ առայժմ իշխանություն բավականաչափ քաղաքական կամք ունի միայն հայտարարությունների համար, իսկ այդ հայտարարություններին հետևող գործուն քայլեր ինքը դեռ չի տեսել: «Չեմ կարծում, որ պետական կառույցների մեքենաների կրճատումը նպատակ է և խնդիրների լուծում», - ընդգծել է փորձագետը:
Նախօրեին լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չէր բացառել շաքարավազի ներմուծման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը` Ախուրյանի շաքարի գործարանի լրիվ հզորությամբ շահագործմանն օժանդակելու համար: Մինասյանը նաև խոստովանել էր, որ չի տեղավորվում հանրապետությունում մենաշնորհների բացահայտման համար վարչապետի նշած 3-շաբաթյա ժամկետում և մտադիր է դիմել կառավարությանն ու լրացուցիչ ժամանակ խնդրել:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահնամյանը հայտարարել էր, թե մտադիր է հասարակաքաղաքական քննարկումներ անցկացնել` առկա խնդիրների լուծումը գտնելու նպատակով: Նա նաև հայտարարել էր, որ մտադիր է արդյունավետ պայքար սկսել ընդդեմ կոռուպցիայի և մենաշնորհների, ինչպես նաև կրճատել ապարատի ծախսերը, և համապատասխան հանձնարարություններ էր տվել նախարարություններին ու գերատեսչություններին: Փետրվարի 12-ին համանման հայտարարությամբ հանդես էր եկել նախագահ Սերժ Սարգսյանը, որը հայտարարել էր, թե ժամանակն է շատ բան փոխել: Միևնույն ժամանակ, Հայաստանի շատ գործընկերներ, այդ թվում` ԵՄ-ն և ՄԱՆ-ը, արդեն հայտարարել են, որ մտադիր չեն ֆինանսական աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի համար, քանի դեռ որոշակի և զգալի արդյունքներ չեն տեսել: