Հայաստանի էներգետիկ համակարգը խորը ճգնաժամի մեջ է, և սակագների հերթական բարձրացումը բնավ վերջինը չի լինի: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, նշելով, որ Հայաստանի էներգահամակարգերն «անարտադրողունակ են դարձել մաշվածության պատճառով, ինչը պահանջում է լուրջ ներդրումներ, և խնդիրը ՀԷՑ վաճառելով չի լուծվի»:
Նրա ասելով, մոտ ապագայում այդ ուղղությամբ դրական տեղաշարժ չի լինի: «Ատոմակայանի աշխատանքն ապագայում էլ կարող է դադարեցվել, այսինքն, սակագների բարձրացման վրա ազդած գործոնները պահպանվում են: Հետևաբար, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը շարունակական բնույթ կկրի», - հայտարարել է Եղիազարյանը: Ինչպես նա պարզաբանել է, Հայաստանի էներգետիկ համակարգը, ընդհանուր առմամբ, մրցակցային չէ. ենթակառուցվածքների աշխատանքը օպտիմալացված չէ, գերակշռում է էլեկտրաէներգիայի ստացումը գազի հիման վրա, ատոմակայանն ավելի թանկ է նստում, քան հիդրոէներգետիկան, իսկ ողջ էներգահամակարգի մաշվածությունը հանգեցրել է երկրի բոլոր էներգետիկ ակտիվների անարտադրողունակության:
Տնտեսագետի կարծիքով, եթե չլուծվի արտադրող կայանների աշխատանքում ներդրումների ներգրավման հարցը, հարկ չկա խոսելու ՀԷՑ արդիականացման գործում ներդրումների և դրա հետևանքով համակարգում տեխնոլոգիական և առևտրային կորուստների նվազման մասին: «Վաճառելով ՀԷՑ-ը` «Ինտեր ՌԱՕ»-ն ձերբազատվեց պատասխանատվությունից` վերջին տարիներին ստանալով առավելագույն օգուտ: Այդպիսով, էներգահամակարգի առողջացման խնդիրը, գործնականում, անլուծելի է», - ամփոփել է տնտեսագետը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաղորդել էր, որ ընդառաջելով
կառավարության խնդրանքին, կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «Ինտեր ՌԱՕ» խմբի հետ»: «Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով, «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժամանակ, կառավարության հետ հավասար հիմունքներով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:
Մանրամասնեմ մեր մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատտ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատտ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը», -
ասել էր վարչապետը: