Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախագծի քննարկման ժամանակ խոսքակռիվ է տեղի ունեցել զեկուցող Միլիցա Մարկովիչի և հայկական պատվիրակության անդամ Վահան Բաբայանի միջև:
Մարկովիչը, մասնավորապես, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին մեղադրել է զեկույց պատրաստելու համար ՀՀ և ԼՂՀ իր այցին խոչընդոտելու մեջ: ՙԵթե այդպես շարունակվի և մինչև հոկտեմբերի 31-ը ես չկարողանամ լինել Հայաստանում և Ղարաբաղում, զեկույց կպատրաստեմ՝ առանց ՀՀ և Լեռնային Ղարաբաղ այցելելու՚,-հայտարարել է նա:
Ի պատասխան՝ հայ խորհրդարանական Վահան Բաբայանը հայտարարել է, որ Հայաստանը զեկուցողին այցի հարցում չի մերժել: ՙՄենք միայն հայտարարել ենք, որ կարող ենք այցը կազմակերպել ընթացիկ տարվա նոյեմբերին: Եվ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որտեղ կարելի է վերջնագրերի լեզվով խոսել: Եվ այն փաստը, որ Մարկովիչը մինչ հիմա չի կարողացել լինել Սարսանգի ջրամբարում, պայմանավորված է միայն Լեռնային Ղարաբաղ այցելելու համար թույլտվություն ստանալու նպատակով ԼՂՀ իշխնություններին դիմելու՝ ցեկուցողի ցանկության բացակայությամբ: Հայկական պատվիրակությունը բազմիցս բացատրել է նրան, որ այցի կազմակերպման համար Մարկվիչը պետք է դիմի ԼՂՀ իշխանություններին, ինչին նա պատասխանել է մերժմամբ՝ պատճառաբանելով, որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է՚,- ԱրմԻնֆո-ին ասել է Բաբայանը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ չլինելով Սարսանգում՝ Մարկովիչը չի կարող օբյեկտիվ զեկույց ներկայացնել: ՙԴա կլինի միակողմանի և քաղաքական երանգավորում ունեցող փաստաթուղթ՚,- նշել է հայ խորհրդարանականը:
Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Թարթառի միջին հոսանքում, Մարտակերտ քաղաքից մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Ջրատարողությունը՝ 560 մլն մ³, օգտակարը՝ 500 մլն մ³, ջրթողքը՝ 900 մ³/վ։ Պատվարը հողային է, բարձրությունը՝ 130 մ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։