Արցախա-ադրբեջանական ԶՈՒ շփման գծի առաջնագծում գտնվող կամավորական ջոկատների հրամանատարները Ղարաբաղյան պատերազմի վետերաններին և մյուս կամավորներին կոչ են արել իրենց միանալ և չսպասել հերթափոխի։
«Հիմա տագնապալի լռություն է Արցախի սահմաններին: Դեռ քառորդ դար առաջ մեր դիմացից փախչող, իսկ այսօր հայ զինվորի դեմ անզոր թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններին», - ասվում է հրամատարների հայտարարությունում:
Հայտարարության հեղինակները նաև նշում են, որ հերթափոխի ժամանակը լրանալուց հետո մտադիր չեն ետ դառնալ և Արցախի դիրքերում են տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության բանակի ձևավորման օրը: «Սակայն, հաշվի առնելով հակառակորդի ապրիլյան սադրանքները, լավ ենք հասկանում թարմ ուժերի աջակցության անհրաժեշտությունը», - նշել են հայտարարության հեղինակները:
Մայիսի 9-ին Հայաստանում և Արցախի Հանրապետությունում եռատոն է. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի ձևավորման օրը: Որպես կանոն, այդ օրն արձանագրվում է հակառակորդի աննախադեպ ակտիվություն: Բազմաթիվ փորձագետների կանխատեսումների համաձայն, այս տարի նույնպես, հաշվի առնելով ադրբեջանական կողմի սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմը, Բաքուն հնարավորությունը բաց չի թողնի` դիմելու հերթական սադրանքների: