Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո ստեղծված
իրավիճակին առնչվող բոլոր հարցերը պետք է ուղղվեն Հայաստանի իշխանություններին:
Հունվարի 23-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Ազգային
անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա ասելով, այն փաստը, որ Հայաստանի գլխավոր դատախազը
ողբերգությունից 10 օր հետո հայտարարում է ռուսաստանցի սահմանապահների կողմից
Վալերի Պերմյակովին 102-րդ ռազմակայանին հանձնելու իրավազորությունը պարզելու
անհրաժեշտության մասին, հարցականի տակ է դնում երկրի ինքնիշխանությունը և որևէ
իշխանական կառույցների գոյությունը: Ավելին, Իսագուլյանը կարծում է, որ գլխավոր
դատախազը, արդարադատության նախարարը, ՍԴ ղեկավարը պետք է հանդես գային հստակ
ձևակերպումներով և բացատրեին գործի բոլոր նրբությունները: Նա կարծում է, որ
ռուսական կողմը նույնպես շահագրգռված է հանցագործության բոլոր փաստերի
բացահայտմամբ և կարող է ավելի բազմակողմանի նախաքննություն անցկացնել: «Պետք չէ մոռանալ
1999 թվականի նախադեպը, երբ նախաքննությունն անցկացրեց ռուսական կողմը, իսկ
դատավարությունը` Հայաստանի համապատասխան մարմինները», - նշել է քաղաքական
գործիչը:
Իսագուլյանը
նաև մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի այն
հայտարարությունը, թե Պերմյակոկվին դատելու է Ռուսաստանի դատարանը` այդ երկրի
օրենքներով: «Եթե մենք ունենայինք կառավարման նորմալ ինստիտուտներով հզոր երկիր,
ապա մեզ քիչ կհետաքրքրեր, թե ինչ է ասում ինչ-որ մամուլի քարտուղար: Մենք ավելի
բարձր կդասեինք մեր պաշտոնյաների հայտարարությունները», - նշել է նա: Քաղաքական
գործիչն ընդսմին նշել է, որ իշխանությունների սխալ քաղաքական և տնտեսական գիծը
թուլացրել է երկիրը, իսկ արտաքին քաղաքականության սխալները նվազեցրել են Հայաստանի
միջազգային հեղինակությունը: Այդ համատեքստում նա նորմալ է համարել ադրբեջանական
կողմի ակտիվությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, Հայաստանի և
Ադրբեջանի սահմանում: «Հակառակրոդի ակտիվությունը պայմանավորված է մեր պասիվությամբ»,
- եզրափակել է նա: