ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլևս ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելու, կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու որոշում է կայացրել`Հայաստանում մայդանների կրկնությունից, ցնցումներից և արյունահեղությունից խուսափելու նպատակով: Այդ մասին ԲՀԿ արտահերթ համագումարի արդյունքների համաձայն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամ, պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Կուսակցության նոր նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին, ներողություն խնդրելով լրագրողներից այն բանի համար, ոչ չի կարող պատասխանել նրանց հետաքրքրող բոլոր հարցերին, քանի որ պարզապես չունի դրանց պատասխանները, խոստացել է ԶԼՄ-ների հետաքրքրությունը բավարարել կուսակցության նոր ռազմավարության մշակումից հետո:
Նա միայն հայտնել է, որ ԲՀԿ-ն գործելու է ընդդիմադիր դաշտում, և վերջինիս դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների առնչությամբ անփոփոխ է մնացել /ԲՀԿ-ն դեմ է այդ բարեփոխումներին-խմբ./:
Զոհրաբյանը դժվարացել է նաև պատասխանել այն հարցին, թե էլ ով է լքելու ԲՀԿ շարքերը: Սակայն, հավաստիացրել է, որ չնայած վերջին գործընթացներին`ԲՀԿ-ին կհաջողվի արագորեն վերականգնել իր հեղինակությունը քաղաքական դաշտում: