Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործի շրջանակում արդեն շուրջ 30 մարդ է հարցաքննվել: Նրանց թվում են «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը և Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգության ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արտակ Բուդաղյանը: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Տիգրան Կարապետյանը, իրենից նաև փորձաքնության համար նմուշներ են վերցրել: Նշենք, որ այսօր որոշ ԶԼՄ-ների հետ հարցազրույցում Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը Կարապետյանին մեղադրել էր նախորդ օրը երեկոյան Սուրեն Խաչատրյանի ավտոմեքենայի գնդակոծումը կազմակերպելու համար: Ի պատասխան դրան` Կարապետյանն ԱրմԻնֆո-ին հաղորդել է, որ մտադիր է դատարան հայց ներկայացնել ընդդեմ Հովհաննիսյանի` իր հասցեին զրպարտանքի համար: Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ դիմել է իրավապահ մարմիններին` խնդրելով ապահովել իր և իր ընտանիքի անվտանգությունը: «Ես ստիպված եմ դիմել այդ քայլին` հաշվի առնելով պարբերաբար իմ հասցեին հնչող սպառնալիքները և տարբեր սադրիչ գործողությունները, որոնց մեջ փորձում են ինձ ներքաշել», - հայտարարել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին տեղի էր ունեցել հերթական միջադեպը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրանի մասնակցությամբ: Գորիսի բնակիչ Հարություն Զաքարյանի և Տիգրան խաչատրյանի միջև վիճաբանությունը վերաճել էր ծեծկռոցի, որին մասնակցել էին նաև այլ անձինք: Արդյունքում` Զաքարյանը ստացել էր մարմնական վնասվածքներ: Մայիսի 4-ին Սյունիքի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել «անհայտ անձանց կողմից խուլիգանության» փաստի առնչությամբ: Միջադեպի արդյունքում Զաքարյանը կորցրել է տեսողությունը, իսկ Տիգրան Խաչատրյանը միջադեպից անմիջապես հետո հեռացել էր հանրապետությունից: Սակայն օպերատիվ միջոցառումներից հետո պարզվել էր, որ նա թաքնվում է Օդեսայում: Ձեռնարկված միջոցառումների հետևանքով Խաչատրյանը վերադարձել է Հայաստան և ցուցմունք տվել քննությանը: Իսկ նախորդ օրը երեկոյան գնդակոծվել է Սյունիիք մարզպետ Սուրեն Խաչատրյանի ամտոմեքենան: Չնայած այն հանգամանքին, որ մեքենայի ուղղությամբ մոտ 10 փամփուշտ է արձակվել, իսկ առջևի և կողային ապակիները կոտրված են, մարզպետն ու վարորդը չեն տուժել:
Հիշեցնենք, որ սա առաջին աղմկալի քրեական միջադեպը չէ, որում արծարծվում են Սյունիքի մարզպետի և նրա որդու անունները: Ավելի վաղ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի ժամանակ սպանվել էր ձեռներեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Բուդաղյաննեի վրա կրակել էին Սուրեն Խաչատրյանի որդին ու թիկնապահը, սակայն քննությունը նրանց անմեղ ճանաչեց, և գործը կարճվեց: Խաչատրյանի և նրա հարազատների անունները շրջանառվում են շատ այլ հանցավոր սկանդալներում, որոնք առնչվում են բռնաբարություններին, մարդկանց առևանգումներին և ծեծին: