Նոր Ընտրական օրենսգիրքը ոչ միայն չի մեծացրել ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունը, այլև հակառակը` ավելի է նվազեցրել այն: Այս մասին ասված «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ:
«Ինչպես ցույց տվեց մայիսի 25-ի քվեարկությունը, իշխանությունները՝ չնայած ապրիլյան պատերազմական գործողությունների սաստկացմանը, չեն փոխել կեղծիքների միջոցով իրենց իշխանությունը պահելու մտադրությունը»,-ընդգծվում է հայտարարության մեջ: Հեղինակները նշում են նաև, որ մերժելով ընդդիմության առաջարկները, իշխանությունները ցուցաբերեցին արդար և թափանցիկ ընտրությւոնների անցկացման իրենց դժկամությունը:
«Ժառանգություն»-տ գտնում է նաև, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվել է առանց ընդդիմության և հասարակական դաշտի հետ համախոհության: «Ընդունված Ընտրական օրենսգիրքը մեծ տեղ է թողնում ընտրակեղծարարության և ընտրական գործընթացի մանիպուլյացիաների համար»,-նշում են հեղինակները, ընդգծելով, որ նոր Ընտրական օրենսգրքի պատճառով առաջացող բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունն ընկնում է իշխանության է և նրան աջակցողների վրա:
Նշենք, որ մայիսի 25-ին ՀՀ խորհրդարանը 102 ձայնով երրորդ ընթերցմամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը, որն ընդունվեց 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Նոր Ընտրական օրենսգրքի մշակումն ու ընդունումը պայմանավորվբած էր սահմանադրական բարեփոխումներով, որոնցով առաջարկվում է նախագահականից անցնել խորհրդարանական կառավարմանը: Կառավարման ձևի փոփոխության վերաբերյալ հանրաքվեն տեղի ունեցավ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ իր այդ տեսքով օրինագիծը չի լուծում արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հանրության, քաղաքական ուժերի և ԵԱՀԿ կողմից բարձրացված հարցերը: