Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը հարուցված գործի
«շրջանակներում» դիմել է դատարան՝ նպատակ ունենալով պարտավորեցնել ilur.am կայքին
և «Հրապարակ» օրաթերթին՝ բացահայտել մայիսի 7-ին հրապարակված տեղեկատվության
աղբյուրը: Հիշեցնենք, որ համաձայն այդ տեղեկատվության, Շիրակի մարզի ոստիկանապետը
բռնություն էր գործադրել գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական
խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունից, այս
անհեթեթ դատական գործընթացի դեմ և ի պաշտպանություն ilur.am կայքի և «Հրապարակ»
օրաթերթի հանդես են եկել մի շարք կազմակերպություններ, այդ թվում ԵԱՀԿ-ն, Մամուլի
ազգային ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և այլն:
Հայտարարության մեջ նշվում
է, որԱմբողջ աշխարհում աղբյուրի խորհրդապահության ինստիտուտը համարվում է
լրագրողական մասնագիտության անկյունաքարերից մեկը և մեծ հաշվով լրագրության
իմաստը: Չլիներ այն, այսօր աշխարհի որևէ երկրում բացահայտված չէին լինի և
հասարակությունների սեփականությունը չէին դառնա իշխանությունների կողմից գործված
հանցանքների, ապօրինությունների և իշխանազանցությունների մասին բազում փաստեր:
Աղբյուրի բացահայտման անհրաժեշտություն կարող է առաջանալ բացառապես ազգային
անվտանգությանն առնչվող իրավիճակներում, երբ դրա բացահայտումը կարող է կանխել
տվյալ պետության կամ հասարակության համար էլ ավելի վտանգավոր հետևանքներ:
«Սերժ Սարգսյանի ղեկավարած
վարչախմբի կողմից իրավական առումով անգրագետ և լկտի հարձակումը վերը նշված
լրատվամիջոցների վրա ունի մեկ նպատակ` կասեցնել կամ հնարավորինս բարդացնել իրենց
վերահսկողությունից դուրս գտնվող ԶԼՄ-ների կողմից նույն վարչախմբի գործած
հանցանքների ու ապօրինությունների հրապարակայնացումն ու լուսաբանումը, ինչպես նաև
վախեցնելու միջոցով հետ պահել մյուս լրատվամիջոցներին նմանօրինակ
գործունեությունից»,-ասված է հայտարարության մեջ:
Հայ
Ազգային Կոնգրեսը դատապարտում է ազատ մամուլի դեմ սանձազերծված այս արշավը և կոչ է
անում Հայաստանի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և լրագրողական
ընկերակցություններին սատար կանգնել թիրախ դարձած լրատվամիջոցներին, ասված է ՀԱԿ
հայտարարության մեջ: