Հետապրիլյան ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական իրադարձությունների հիման վրա թվարկեք ՙքառօրյա պատերազմից՚ Հայաստանի և Արցախի արած եզրակացությունները: Եվ, Ձեր կարծիքով, ի՞նչ եզրակացություններ պետք է արվեին:
Քառօրյա պատերազմը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրությունների, գործող վարչախմբերի, քաղաքական տարբեր միավորների համար տարբեր նշանակություն է ունեցել եւ հետեւաբար բոլորի համար միակերպ ընկալվող դասեր ու եզրահանգումներ այսօր գոյություն չունեն։ Ընդհանրապես վարչակազմերը կամ քաղաքական ուժերը երբ խորթացած են լինում հանրությունից, ապա պատերազմը շատ դեպքերում պատճառ է դառնում վերագնահատելու նախկին անցած ճանապարհը։ Սակայն մեզանում նման միտումներ չեն նկատվում։ Հետպատերազմյան շրջանում ոչ քաղբանտարկյալների ազատ արձակում եղավ, ոչ սոցիալական արդարությունը երկրում վերականգնելու քայլեր ձեռնարկվեցին, ոչ կրիմինալի ու վարչախմբի տարանջատում եղավ, ոչ օլիգոպոլիաները վերացվեցին, ոչ էլ սուտն ու կեղծիքը դուրս մղվեց քաղաքական գործընթացներից։ Այսօր եթե բանակում կա կոռուպցիայի դեմ ինչ-որ պայքար, եթե պետական ապարատում կան ինչ-որ տեղաշարժեր, ապա դա պատերազմի ուղղակի ազդեցությամբ չէ, որ կյանքի է կոչվում, այլ պատերազմի պատճառով գործող վարչախմբի դեմ ի հայտ եկած հանրային ընդվզումը սառեցնելու նպատակով։ Առանձին պատասխանատուներին պատժելու հանրային մեծ ալիք եթե չլիներ, չէին լինի նաեւ բարձրագույն զինվորականների ազատումներն ու քրեական գործերը, չէր լինի պետական ապարատի, ծախսերի կրճատումը։
Արտաքին ճակատում նույնպես միակերպ ընկալվող դասեր չկան։ Ակնհայտ է, որ հանրության մեջ տեղի է ունեցել մի շարք քաղաքական միֆերի կործանում։ Քաղաքացիների համար այլեւս արժեզրկվել են Հայաստանի ռազմավարական դաշնակից, միջազգային անվտանգության համակարգ եւ նման կարգի կատեգորիաները։ Ընդամենը չորս օր թշնամու դեմ ինքնուրույն պատերազմելով՝ հայությունը պարզեց, որ ինքն ունի միայն մի անվտանգության երաշխավոր ու ռազմավարական դաշնակից։ Դա սահմանին կանգնած պրոֆեսիոնալ զինվորական կամ իր հողից դեպի սահման շտապող աշխարհազորային հայ զինվորն է։ Ի տարբերություն այս ամենի գործող վարչախումբը, քաղաքական կուսակցությունները նման եզրահանգման չեն եկել։ Ու դրա վկայությունը նշածս միավորների՝ նույն կատեգորիաներով առաջնորդվելու, Հայաստանի ՀՕՊ համակարգը Ռուսաստանի կառավարմանը հանձնելու մասին համաձայնագիրը ԱԺ ներկայացնելու եւ նման կարգի գործընթացներն են։ Ցավոք Քառօրյա պատերազմի դասերը պետք է լինեին նոր համատեղ կյանք կառուցելու բոլորիս ծրագրերը։ Սակայն առայժմ հանրության աչքերին քաղաքական ամբողջ դասը թոզ է փչում՝ չհասկանալով, որ եկել են նոր ժամանակներ։
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքում պարզ դարձավ, որ ՀԱՊԿ-ը թղթի վրա գոյություն ունեցող կազմակերպություն է՝ հերթական անգամ ցույց տալով Հարավային Կովկասի կայունության և անվտանգության քարտեզի վրա սպիտակ բծերը: Տարածաշրջանում ռուսական շահերից բացի, ի՞նչ գործոններ են այսօր խանգարում ՆԱՏՕ-ին զբաղվելու դրանց վերացմամբ: Եվ արդյո՞ք Հայաստանի համար ռուսական անվտանգության համակարգն այլընտրանք ունի:
Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի՝ Կովկասում ունեցած շահերը խանգարում են ՆԱՏՕ-ին ու հատկապես նրա անդամ երկրներից ԱՄՆ-ին, այստեղ առավել ակտիվ լինել։ Եւ ես չեմ կարծում, որ կա որեւէ լուրջ մրցակցություն ՆԱՏՕ-ի կամ նրա անդամ արեւմտյան տերությունների ու Ռուսաստանի միջեւ։ Դոնբասի ռազմական հակամարտության, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում կարեւորագույն ՝ Ղրիմի խնդրի, սառեցումը, դրա հետ մեկտեղ Ռուսաստանի՝ Սիրիայում ստանձնած նոր դերակատարությունը ինձ թույլ են տալիս հակառակ կարծիքն ունենալ այդ հարցում։ Ընդհանրապես ՀԱՊԿ-ն մեռելածին է եղել միշտ, նա իրեն չի դրսեւորել իրական կյանքում եւ չէր էլ կարող դրսեւորել։ Տարիներ առաջ ՌԴ նախագահ Պուտինը մի կարեւոր բացահայտում իրեն թույլ տվեց՝ ասելով, որ ԱՊՀ-ն ձեւավորվել է նրա անդամ երկրների քաղաքավարի ապահարզանը կազմակերպելու համար։ Նույնը պետք է ասել նաեւ ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Ռուսաստանի վերահսկողության տակ ՀԱՊԿ-ն երբեւէ կազմավորվել է հետխորհրդային առանձին երկրների ռազմական ներուժը աշխարհի համար անկանխատեսելի զարգացումներից ապահովագրելու համար։ Այն հիմնվել է որպես մի пугало, առանձին տարածաշրջաններում որոշակի աշխարհաքաղաքական տեղաշարժեր սահուն իրականացնելու համար։ Եւ ընդհանրապես ներկա աշխարհում թե ՆԱՏՕ-ին, թե ՀԱՊԿ-ին, եւ թե նման կարգի ռազմաքաղաքական միավորումներին պետք չէ մեծ դեր վերապահել։ Այսօր եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան քրդական հարցում չի կարողանում ընկալել ԱՄՆ-ի վարքագիծը, եթե ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը ղարաբաղյան հարցում չի կարողանում ընկալել Ռուսաստանի վարքագիծը, ապա դա մեզ բոլորիս պետք է համոզի, որ գործ ունենք որոշակի գործիքակազմի հետ, որի գործառույթը վախ սերմանելն ու ինչ-որ շրջանակի մեջ պետությունների ինքնուրույնությունը սահմանափակելն է։ Թե կոնկրետ որ պետությունների՝ դա այլ հարց է։ Ուստի եթե հարցնում եք, թե կան անվտանգության այլընտրանքային համակարգեր Հայաստանի համար, ապա կարող եմ ասել, որ կան՝ դա մաս չկազմելն է անվտանգության նման համակարգերին ։ Իհարկե խոսքս երբեք չի ընկալվի ռեալ-պոլիտիկով տարված շատ շատերի կողմից, բայց դա արդեն իմ խնդիրը չէ, իրենց վախերի խնդիրն է։
Արդյո՞ք ՙՄադրիդյան սկզբունքներն՚ անայլընտրանքային եք համարում: Եվ վտանգ չե՞ն ներկայացնում դրանք Ղարաբաղի շուրջ բանակացությունների հայկական կողմերի շահերի համար՝ աշխարհաքաղաքական վերջին փոփոխությունների և միտումների լույսի ներքո: Բանակցությունների ինչպիսի՞ հեռանկարների մասին կարող ենք այսօր խոսել:
«Մադրիդյան սկզբունքները» իսկապես մեծ վտանգ են ներկայացնում մեզ համար եւ անայլընտրանք են այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ես նշածս «ռեալ-պոլիտիկայով»։ Սակայն միակ մեխանիզմը, որը չեզոքացնում է այդ կեղծ ապրելակերպը՝ պատերազմն է, որը հայությունը տեսել է 1992-1994թթ․ կամ տեսավ այս ապրիլի սկզբին։ Պատերազմի ժամանակ բոլոր վախերը չքանում են, քանզի այլեւս քեզ պատերազմով չեն կարողանում վախեցնել։ «Քառօրյա պատերազմը» Ադրբեջանին տրված մի փոքր շանս էր՝ պատերազմով մեզ վախեցնելու եւ մեր երկիրը կաշկանդիչ ինչ-ինչ նոր պարտավորությունների մեջ ներառելու համար։ Այդ ավանտյուրան չստացվեց։ Արդեն ասացի, որ դրա արդյունքում հայության մոտ միֆեր ջարդվեցին՝ ապացուցելով հակառակը, որ հայ զինվորը ամեն ինչի ունակ է։ Հիմա Հայաստանի գործող վարչախումբը շատ վատ վիճակում է հայտնվել՝ ինչպես համաձայնի գնալ բանակցությունների, իսկ եթե գնա, այդ դեպքում ինչպես համաձայնի «Մադրիդյան սկզբունքներին», այն դեպքում, որ պատերազմում հայ զինվորի ոգին չի կոտրվել ու նա առավել ամուր է բռնել այն սահմանագծից, որի վրա այսօր կանգնած է։ Մի փոքր իսկ զիջումը կարող է զինվորների կողմից սրբի տանի թե իրեն ու թե ամբողջ այն կեղտը, որ կուտակվել է վերջին քսան տարիների ընթացքում։
ՀՀ խորհրդարանը քննարկում է ՙՀայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին՚ համաձայնագրի վավերացման հարցը: Որքանո՞վ արդյունավետ այդ համակարգը կարող է պաշտպանել Հայաստանի երկինքը՝ ՀՀ Տավուշի մարզի ապրիլյան գնդակոծությունների ընթացքում ՀԱՊԿ պասսիվության և Ռուսաստանի ոչ միանշանակ դիրքորոշման լույսի ներքո:
ՀԱՊԿ հովանու ներքո նման կարգի բոլոր համաձայնագրերը տեղավորվում են իմ նշած կաշկանդիչ կաղապարների (рамка) շրջանակում։ Նման համակարգը ոչ մի պաշտպանիչ գործառույթ չունի։ Համաձայնագիրն ու դրա արդյունքում ձեւավորվող համակարգն ունի քաղաքական նշանակություն։ Մի կողմից այն զսպաշապիկ է Հայաստանի համար եւ կիրառելի Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հետ Հայաստանի լարված հարաբերություններում։ Այն երբեւէ կարող է մեծ շանտաժի առիթ դառնալ։ Անգամ այսօր, ինչպես վկայեց Հանրապետական կարկառուն մի պատգամավոր, Ռուսաստանից 200 միլիոն դոլարի զենքի ձեռքբերման գործում այդ համաձայնագիրը ծառայում է արդեն իսկ շանտաժի գործիք։ Մյուս կողմից այդ համակարգը շահեր իրացնելու կամ կորզելու գործիք է ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում։
Արդյո՞ ք Սամվել Բաբայանի Արցախ ՙվերադարձը՚ Մոսկվայի հետ հայկական ղեկավարության աշխարհաքաղաքական ինչ-որ խաղի տարր է պարունակում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ստեփանակերտի և, համապատասխանաբար, Երևանի գերակայությունների հնարավոր փոփոխման լույսի ներքո, թե՞ Բաբայանը բացառապես Հայաստանի և Արցախի ներքին քաղաքականության գործոն է հանդիսանում:
Այսօր դժվար է պնդել, որ աշխարհաքաղաքական ինչ-որ խաղի տարր է պարունակում Բաբայանի վերադարձը։ Սակայն ես չեմ բացառում դա, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ Բաբայանն իր հարցազրույցներում խուսափում է արտաքին պատասխանատուներ նշել մեր շահերի ոտնահարման կոնկրետ դեպքերի հետ կապված։ Ամեն դեպքում ինձ համար ակնհայտ է, որ Բաբայանը Ղարաբաղ է վերադարձել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ պայմանավորվածությունների արդյունքում։ Այդ պայմանավորվածությունները կայացել են հստակ պայմաններ ու պահանջներ կատարելու երկկողմանի հանձնառությամբ։ Իզուր չէ, որ Բաբայանի վերադարձի լուրը հրապարակվելուց ընդամենը մեկ-երկու օր առաջ Արցախում իր քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարեց Արթուր Աղաբեկյանը, ում ձեռքով էր Բաբայանը հեռացվել պաշտոնից ու Ղարաբաղից։ ԼՂՀ-ում կան մի շարք լրջագույն խնդիրներ, որոնց լուծումը առանց լրացուցիչ մեխանիզմների Սերժ Սարգսյանի համար անհնար կդառնա։ Այդ խնդիրները կապված են ամիսներ հետո սպասվող ԼՂՀ նախագահական ընտրությունների հետ, Սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետ, ապրիլյան հետպատերազմյան շրջանում լրջագույն գործոն դարձած Ղարաբաղի բանակի հրամկազմի հետ եւ այլն։ Ահա այդ ամենի դեմն առնելու համար գործարկվել է «Փրկիչ» օպերացիան (հանրության մեջ արհեստականորեն գեներացվում է Բաբայանի Ղարաբաղ վերադառնալու եւ այն փրկելու միֆը)։ Բաբայանի բերած «ահ ու սարսափի», ինչպես նաեւ ԼՂՀ ՊԲ հրամանատարի պաշտոնին հավակնելու արդյունքում, պաշտոններից զրկվելու վտանգն աչքի առաջ ունենալով, պետք է կրկին Սարգսյանի կրնկի տակ անցներ ինքնուրույնություն դրսեւորող կամ Քառօրյա պատերազմից հետո «աչքաբաց» դարձած բանակի հրամկազմը։ Դրա հետ միաժամանակ Բաբայանի մուտքը պետք է կաշկանդեր ԼՂՀ վարչախմբի ներսում նախագահի ինքնուրույն թեկնածու առաջադրելու ցանկությունը, հարկ եղած դեպքում խաթարեր ընդդիմադիր որեւէ լուրջ թեկնածուի ի հայտ գալը, չեզոքացներ ԼՂՀ Սահմանադրության մեջ Արցախի շահերին հակասող դրույթների դեմ հանդես եկող շրջանակներին եւ այլն։ Ամիսներ շարունակ այդ փուչիկը պետք է կախված մնար Ղարաբաղի գլխին՝ պարալիզացնելով ողջ հանրությանը ու թույլ տալով Սարգսյանին՝ վերագծելու համար քաղաքական ամբողջ դաշտը Արցախում ու հետագայում միգուցե նաեւ Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն այդ փուչիկը շատ շուտ պայթեց եւ այսօր դժվար է ասել, թե ինչպիսի քաղաքական գործընթացներ կլինեն Ղարաբաղում։