Աբխազիայի հետ ՙԴաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին՚ համաձայնագրի ստորագրման և ե/ու աբխազական հատվածի բացման օգնությամբ Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման անհրաժեշտության մասին ՌԴ նախագահի հայտարարության միջև ես հակասականություն չեմ տեսնում, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնի /Ռուսաստան/ փոխնախագահ Դմիտրի Պոլիկանովը:
Նոյեմբերի 24-ին Աբխազիայի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը` աբխազական հատվածի բացման օգնությամբ: Միաժամանակ վրացական կողմը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի շուրթերով արդեն քննադատել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև պայմանագրի ստորագրումը: Մարգվելաշվիլին դա անվանել է ՙՎրաստանի տարածքների բռնակցմանն ուղղված քայլ, ինչն էլ ավելի է վատթարացնում իրավիճակը Հարավային Կովկասում և փակուղի մտցնում Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՚:
ՙԿրեմլը ծրագրում է ներդրումներ կատարել Աբխազիայի զարգացման գործում և զուգահեռաբար աշխարհաքաղաքական այլ խնդիրներ լուծել, այդ թվում` իր դաշնակից Հայաստանի հետ նորմալ հաղորդակցություն ապահովել: Վրաստանի վրդովմունքը հասկանալի է, սակայն որևէ նշանակություն չունի իրական քաղաքականության համար. պարզապես Վրաստանի իշխանությունների համար շատ դժվար է համակերպվել Աբխազիայի և Հարավային Օսիայի` որպես ինքնուրույն միավոր գոյության հետ՚,- ասել է ռուսաստանցի փորձագետը: Պոլիկանովը նշել է, որ 2008 թվականից արդեն 6 տարի է անցել, ինչ Աբխազիան և Հարավային Օսիան գոյատևում են բացարձակ ինքնուրույն ռեժիմով` առանց որևէ բռնակցման, քանի որ ՌԴ-ն թե’ Աբխզիան, թե’ Հարավային Օսիան իրեն միացնելու մտադրություն չունի: Այս առումով նա գտնում է, որ Հայաստանի ապաշրջափակման նախագիծն ունի հաջողության բոլոր շանսերը: