Հռչակելով ինձ Մատա Հարի`Ադրբեջանի իշխանությունները ձգտում է խաչ դնել ժողովրդական դիվանագիտության վրա, այդպիսի կարծիք է հայտնել ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը`ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով ադրբեջանցի լրագրող և քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությանն իր ՙմեղսակցությունը՚: Միրկադիրովը ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում Թուրքիայից արտաքսվելուց հետո: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը լրագրողին մեղադրում է 2008 թ. ապրիլից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Մեղադրանքի համաձայն, Միրկադիրովը բազմիցս հանդիպել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ`կատարելով նրանց հանձնարարականները, տրամադրել ՙպետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն, լուսանկարներ և սխեմաներ, որոնց օգնությամբ թշնամական գործունեություն է իրականացվել Ադրբեջանի տարածքում՚: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել եռամսյա կալանքը: Մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 274 հոդվածով`Հայրենիքի դավաճանություն, ինչը ենթադրում է 10-ից մինչև 15 տարի կամ ցմահ բանտարկություն:
ՙՄենք NGO ձևաչափով տարբեր նախագծերի շրջանակներում մշտական հիմունքով համագործակցում ենք Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հետ 2005 թվականից: Կարծում եմ, որ Հայաստանում և Ադրբեջանում բոլորը շատ լավ գիտեն, թե ինչով ենք մենք զբաղվում բոլոր այդ տարիներին, քանի որ մեր ողջ գործունեությունը միշտ տեսանելի է եղել: Մենք միշտ փորձել ենք ընդհանուր եզրեր գտնել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հասարակությունների շրջանում: Այ պատճառով անձամբ ինձ համար այն, որ իմ անունը հիշատակվում է պետական դավաճանության լուրջ մեղադրանքում, բացարձակ անսպասելի էր՚,- հայտարարել է ՙՌեգիոնի՚ տնօրենը:
Բաղդասարյանն ընդգծել է, որ եթե ՙՄիրկադիրովի` հայերի հետ համատեղ լրտեսական գործունեության մասին՚ Ադրբեջանի ԱԱԾ-ին հայտնի էր դեռ 2008-2009 թթ., ինչու՞ այդ գործունեությամբ Բաքվում մտահոգվեցին միայն 2014 թվականին: Նրա կարծիքով, այդ շատ հետաքրքիր հարցի պատասխանը կբացահայտի Միրկադիրովի նկատմամբ սարքված գործի շարժառիթի բոլոր խորագաղտնիքները: Հասարակական գործիչն ընդգծել է, որ այսօր Ադրբեջանում շատ հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում լրագրողի ձերբակալության իրական պատճառների շուրջ: Քննարկվող հիմնական վարկածներից մեկն է այն, որ Միրկադիրովն անցանկալի էր դարձել իշխանությունների համար, որոնց նա միշտ քննադատում էր:
ՙՌաուֆը մեր նախագծի հեղինակներից մեկն էր: Նա մասնակցել է առցանց խորհրդաժողովներին մեր publicdialogues.info կայքում: Շատ եմ վախենում, որ հիմա կարող են տուժել նաև Ադրբեջանի մեր գործընկներները`ի դեմս Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի աշխատակիցների: Ամեն դեպքում մեր խաղաղարար գործունեության վրա կարող է խաչ դրվել, քանի որ Ադրբեջանի մեր գործընկերները և լրագրողներն այժմ կարող են վախենալ գործ ունենալ ՙհայկական հատուկ ծառայությունների համար աշխատող՚ մարդու`ինձ հետ՚,- ամփոփել է Բաղդասարյանը: