Օգոստոսի 1-ից իրավական ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Առ այսօր չի ընդունվել կառավարության որոշումը այդ բարձրացումը սուբսիդավորման մասին, ասվում է «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման հայտարարությունում, որի տեսքտը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
«Ստեղծված իրավիճակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը անհրաժեշտ է համարում առաջ քաշել հետևյալ պահանջները.
1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրաժարականը,
2. ՀԷՑ ՓԲԸ-ի ազգայնացումն ու հետագա հանրայնացումը:
Պահանջների քաղաքական և իրավական հիմնավորումները խորհուրդը կներկայացնի քաղաքացիներին օգոստոսի 3-ին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում», - ասվում է քաաղքացիական շարժման հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ինչպես օրերս հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագների 6,93 դրամով թանկացումը սուբսիդավորվելու է Որոտանի կասկադի վաճառքից ստացված միջոցների հաշվին: Գրեթե մեկ շաբաթ Հանրապետության հրապարակում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները նստացույց են անցկացնում` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը չեղարկելու պահանջով: