ՙԺառանգություն՚ կուսակցությունը չի մասնակցի սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկումներին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, կուսակցության վարչության նիստում որոշում է կայացվել մերժել նախագահի հրավերը, քանի որ նոր Սահմանադրության նախագիծն անընդունելի է իրենց համար:
Մասնավորապես`այն կետերը, որոնք վերաբերում են երկփուլ խորհրդարանական ընտրություններին, ինտեգրացիոն կառույցներին միացմանը: Կուսակցության մերժման պատճառ է հանդիսացել նաև այն փաստը, որ նախագծում արտացոլված չեն բարեփոխումների վերաբերյալ ՙԺառանգության՚ առաջարկները: Ըստ որում, Մարտիրոսյանը չի բացառել սահմանադրական բարեփոխումների անցկացման դեմ ՙՉեք անցկացնի՚ շարժման հետ համագործակցության հնարավորությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշել է հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին: Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը խորհրդարան է ուղարկել բարեփոխումների նախագիծը: Նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ է անցկացրել ՙԲարգավաճ Հայաստանի՚, ՙՕրինաց երկրի՚ և ՀՅԴ-ի հետ: Հրավերը մերժել է Հայ ազգային կոնգրեսը: