ՌԴ նախագահ Վլադիմիր
Պուտինը գտնում է, որ Հայաստանի հետ երկաթուղային կապը վերականգնելու համար
անհրաժեշտ է բացել Աբխազական երկաթուղին: Այս մասին նա հայտարարել է Աբխազիայի
նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է Կրեմլի
մամուլի ծառայությունը:
«Այսօր կայացած բանակցությունների ընթացքում մենք զգալի
ուշադրություն հատկացրեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների հարցերին: Հնարավոր
ենք համարում մյուս գործընկերների հետ մտածել և ընդհանուր համաձայնությամբ
իրականացնել այդ նախագիծը, օրինակ, որպես երկաթուղային տրանզիտային
հաղորդակցություն` Սուխոմի, Թբիլիսիւ ուղղություններով, իսկ հետագայում դեպի
Հայաստան, իսկ մյուս կողմից` դեպի Ռուսաստան»,-ասել է Պուտինը:
Նա վստահություն է հայտնել, որ նման նախագծերի
իրականացմանը կնպաստի տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների հետ
համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծմանը:
Ըստ
վրացական ԶԼՄ-ների, դեռ 2012-ի հոկտեմբերին ռեինտեգրացիայի գծով պետնախարարը
հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները պարաստ են վրացական երկաթուղու
աբխազական հատվածի միջոցով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության
հաստատմանը`«Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակներում: Մեկ ամիս
անց նա հայտարարեց, որ «այդ թեման իսկույն փակվեց, այն բանից հետո, երբ աբխազական
կողմը չցուցաբերեց հետաքրքրություն»: Նշենք, որ երկաթուղային հաղորդակցությունը
Վրաստանի և Ռուսաստանի միջև փակվել է 1992-1993 թվականներին: Երկաթուղու բացումը
Հայաստանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ դա Ռուսաստանին
կապող ամենակարճ ու էժան ճանապարհն է: Մինչդեռ, օրերս Վրաստանի պետնախարար Պաատ
Զաքարեյշվիլին լրագրողներին հաղորդեց, որ Աբխազական երկաթուղու բացման ողղությամբ
«ոչինչ չի արվում և չկան բանակցություններ»: