Յուրաքանչյուր երկիր ազատ է այս կամ այն միջոցառմանը մասնակցելու իր ընտրության հարցում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը` պատասխանելով այն հարցին, թե երկու միջոցառումներից որին կմասնակցի Գերմանիան 2015 թ. ապրիլի 24-ին` Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին, թե՞ Ստամբուլում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին:
Ըստ որում, նա խուսափել է ուղղակի պատասխան տալ հարցին, թե երկու միջոցառումներց որին է մասնակցելու Գերմանիայի ղեկավարությունը: Սակայն, նշել է դեսպանը, անհրաժեշտ է հաշվի առնել հրավերի բուն նպատակը` այն արվել է լավ, թե՞ վատ մտադրություններով:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել: ՙԴեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու՚,-ասված է նախագահի պատասխանում:
Հայտնի է, որ 2015 թ. ապրիլի 24-ին Ստամբուլ է այցելելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև թագաժառանգ Չարլզը: Իսկ 2015 թ. ապրիլի 24-ին Հայաստան կայցելեն Հռոմի պապը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: