Ռուսաստանի ցանկացած քայլ անմիջական բացասական ազդեցություն ունի Հայաստանի վրա, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի գործատուների միության ղեկավար Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով, Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի հետևանքով շատ միգրանտներ ստիպված էին թողնել իրենց աշխատանքը և Հայաստան վերադառնալ, ինչը նպաստել է տրանսֆերտների կրճատմանը, ինչպես նաև երկրում գործազրկության աճին: Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը ևս հանգեցրել է հայաստանյան շուկայում տնտեսական վիճակի վատթարացմանը: Մակարյանի կարծիքով, Մաքսային միությանն անդամակցումը դեռ չի վկայում համագործակցության նպաստավոր պայմանների առկայության մասին Միության այնպիսի անդամների հետ, ինչպես`Բելառուսը և Ղազախստանը, հետևաբար`երկրի հիմնական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը: Ըստ նրա, Հայաստանի վիճակն արտահանման ոլորտում վերջին ժամանակներս զգալիորեն վատթարացրել է. ընկերությունների շահույթն անկում է ապրում`կապված ոչ միայն արժութային շուկայում փոփոխությունների, այլ նաև ապրանքների գների նվազեցման ռուսական կողմի պահանջի հետ կապված:
Մակարյանը նաև նշել է, որ չնայած ամբողջ աշխարհում նավթի գների անկմանը`վառելիքի գները Հայաստանում ենթակա չեն փոփոխությունների`Ռուսաստանի հետ համապատասխան միջպետական համաձայնագրի պատճառով, ինչը ևս անմիջականորեն անդրադառնում է երկրի տնտեսական վիճակի վրա:
Մակարյանը նաև անդրադարձել է Ռուսաստանի միգրացիոն նոր պայմաններին`նշելով, որ ՌԴ-ն աշխատաշուկան հայ միգրանտներից ազատելու նպատակ չի հետապնդում, այլ փորձում է պահպանել աշխատատեղերն իր քաղաքացիների համար, քանի որ Ռուսաստանից միգրանտների թիվը, վերջին իրադարձությունների հետ կապված, զգալիորեն մեծացել է: Իհարկե, այդ բարոփոխումների հետ կապված, գործազրկությունը Հայաստանում կմեծանա, նշել է Մակարյանը`ավելացնելով, որ խնդրի լուծում կարող է հանդիսանալ ընտանեկան բիզնեսի զարգացումը երկրում:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Մակարյանը նշել է, որ Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի զարգացող արաբական երկրներին`համագործակցելու նպատակով: Նման համագործակցությունը կնպաստի ներկայիս տնտեսական խնդիրների լուծմանը, ավելացրել է նա: