Հայկական կողմը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն օրինակ հանդիսանա այլ կառույցների և կազմակերպությունների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Քաղաքական գործիչը դրական է գնահատել ընդունված բանաձևն`առաջին հերթին վերջինիս բովանդակության պատճառով: Նա նշել է, որ բանաձևում խոսվում է ոչ միայն Ցեղասպանության ճանաչման անհրաժաշտության մասին, այլ նաև հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարց է բարձրացվում: Նրա կարծիքով, ԵԺԿ այդ քայլը շատ կարևոր է, քանի որ կուսակցությունը մեծ ազդեցություն ունի եվրոպական կառույցներում: ՙԵԺԿ բանաձևն աննախադեպ է իր բովանդակությամբ՚,- նշել է Մանոյանը:
ՙՆման բանաձևեր պետք է ընդունվեն բոլոր կառույցներում, որտեղ ներգրավված է ԵԺԿ-ն, մասնավորապես`Եվրամիության տարբեր կառույցներում, Եվրախորհրդարանում, Եվրախորհրդում, ԵԽԽՎ-ում և այլն՚,- ընդգծել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը նշել է, որ բանաձևի մի քանի կետեր վերցված են Ցեղասպանության 100-ամյակի համահայկական հռչակագրից:
Նշենք, որ մարտի 3-ին ԵԺԿ-ն ընդունել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատել է հայկական ցեղասպանության և հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտել այն ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին: