ՙԲարգավաճ Հայաստանը՚ կհետևի ՙՕրինաց երկիր՚ կուսակցության հետագա գործողություններին, հետո միայն իր գնահատականը կտա ընդունվող որոշումների առնչությամբ:
Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ-ից Ազգային ժողովի պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը: ՙԱռայժմ մենք ասելու բան չունենք: Մենք հետևելու ենք իրադարձությունների հետագա զարգացմանը՚,- ասել է նա`պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվում է ՕԵԿ-ի` ընդդիմության շարքերն անցնելուց հետո համատեղ գործողությունների հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՙՕրինաց Երկիր՚ կուսակցությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում իր հետագա մասնակցությունը իշխող կոալիցիային: Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքական կոալիցիան կարող է լինել կենսունակ, եթե մասնակից քաղաքական ուժերը ունեն որոշումների կայացման վրա եթե ոչ համաչափ, եթե ոչ էական, ապա գոնե որոշակի ազդեցության հնարավորություն: ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ: Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից հետո, հնարավոր է, լքի նաև ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով, ՙՕրինաց երկիրը՚ կհամալրի ընդդիմության շարքերը: