Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Փարիզում կայանալիք
հանդիպումն է քննարկվել Մինսկի միջնորդների և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Երևանում կայացած հանդիպմանը:
Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Փարիզի հանդիպմանն ընդառաջ բազմապատկվել են հրադադարի ռեժիմի խախտումները ադրբեջանական զինուժի կողմից, ինչը դարձել է Բաքվի սովորական գործելաոճը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպումներից առաջ։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանը, ձևացնելով, թե իբր պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս կողմից` ձախողել միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված վերջին տարիների բանակցային գործընթացը, որի շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ գագաթաժողովներ, ընդունվել են ամենաբարձր մակարդակով հայտարարություններ, կայացել են բազմաթիվ հանդիպումներ: Նախարարը շեշտել է, որ, իրականում, իր ապակառուցողական քայլերով, Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։
Նախարար Նալբանդյանը նաև համանախագահների ուշադրությունը հրավիրել է միջնորդների անունից Բաքվի մտացածին հայտարարություններին, որոնց համաձայն, ԵԱՀԿ
Մինսկի խումբ իբր առաջարկել է փորձագետների մակարդակով բանակցություններ սկսել կարգավորման՝ Բաքվի համար նախընտրելի տարրերի շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, թե վերոհիշյալը փաստում է, որ Փարիզում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր անլուրջ մոտեցումը: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու համատեղ ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: