Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին հայտարարության մեջ, ըստ էության, խոստովանել է, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Բաքվի վրա ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրելու հարցում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը`անդրադանալով Ալիևի այն հայտարարությանը, որ ՙմիջազգային հանրությունը երբեմն կշտամբում է Ադրբեջանին այն բանում, որ շփման գծում լարվածություն է առաջանում, և հայկական կողմը բազմաթիվ կորուստներ է կրում՚:
ՙԻր այդ հայտարարությամբ Ալիևն արդեն չի ժխտում, որ վերջինիս մշտապես մատնանշվում է ռազմական հռետորության և իրավիճակի սրման անընդունելիությունը՚,- գտնում է նա: Ըստ որում, Բաբայանը համոզված է, որ միջազգային հանրությունն ագրեսորին զսպելու համար պետք է խոսակցություններից անցում կատարի կոշտ միջոցների:
Մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, որ եթե հայկական կողմը չի ցանկանում կորուստներ, պետք է ՙհեռանա ՙադրբեջանական կողերից՚՚` ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ նման հայտարարությունները վերահաստատում են այն փաստը, որ Ադրբեջանը մտադիր չէ փոխել իր ապակառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Ի պատասխան Ադրբեջանի առաջնորդի հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը լիովին վերահսկում է իրավիճակը շփման գծում`Բաբայանն ասել է. ՙԱդրբեջանի զինված ուժերը, միգուցե, լիովին վերահսկում են իրավիճակն իրենց տարածքում, Բաքվում կամ էլի ինչ-որ տեղ, բայց`հաստատ ոչ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, հակառակ դեպքում`անհնար կլիներ խուսափել լայնամասշտաբ ռազմական օկուպացիայից՚,- նշել է նա: Նրա խոսքով, սա ադրբեջանական կողմի հերթական փիարն է`ուղղված ներքին լսարանին:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթական ելույթի ժամանակ նշել է. ՙ1990-ական թթ. սկզբներին Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունների անհեռատեսության, դավաճանության հետևանքով մեր հողերը հայտնվեցին օկուպացման տակ: Ցավոք, չնայած միջազգային կազմակերպությունների բազմաթիվ որոշումներին, այսօր էլ օկուպացիան շարունակվում է: Կոպտորեն խախտվում են միջազգային իրավունքի նորմերը, սակայն միջազգային հանրությունը շարունակում է անտարբեր վերաբերվել դրան՚: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում.ՙԱյլ ճանապարհ չկա: Ոչ ադրբեջանական ժողովուրդը, ոչ էլ Ադրբեջանի պետությունը այլ տարբերակի չեն համաձայնի՚:
Այնուհետև Ալիևն ասել է, որ ադրբեջանական բանակը լիովին առավելության է հասել շփման գծում: ՙԵրբեմն մեզ կշտամբում են, թե շփման գծում իրավիճակը լարվում է, հայկական կողմը բազմաթիվ կորուստներ է կրում: Մեր պատասխանը շատ պարզ է` թող հեռանան մեր հողերից: Այդ ժամանակ հակամարտությունը կկարգավորվի, կհաստատվի խաղաղություն: Ադրբեջանական բանակի զինանոցում գտնվող տեխնիկան և սպառազինությունը հնարավորություն է տալիս ոչնչացնելու Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ցանկացած թիրախ՚,- ասել է Ադրբեջանի նախագահը: