Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին օդում կախված է մնում հարցը, թե տառապանքների 100-ամյա փուլից հետո ինչի է հասել հայ ազգը: Չե՞ք կարծում արդյոք, որ հարկավոր է պատմական արդարության ձեռքբերմանն ուղղված նոր, բազմամակարդակ ռազմավարությամբ դիմավորել Հայոց ցեղասպանության 100-ամյակը:
Ցեղասպանությունից հետո մեր հասարակությունն այն ընկալել է ոչ միայն որպես ֆիզիկական ոչնչացում, այլ`որպես հայրենազրկում: Եվ որքան շատ ենք մենք հեռացել 1915 թվականից, այնքան ժամանակն ավելի շատ է սպիացրել հարազատներին կորցրած մարդկանց սպիները: Բայց Հայրենիքի կորուստը հայերը չեն մոռացել, և այդ վիշտը միշտ մնացել ու մնում է մեր սրտերում: Այժմ մենք տեսնում ենք, որ Ցեղասպանության զոհերի ժառանգների չորրորդ սերունդը, որը, բնականաբար, նրանց չի հիշում, Հայրենիքի կորուստը մոռանալ չի կարող: Դա վկայում է այն մասին, մինչև 1965 թվականը մենք ճիշտ ուղու վրա ենք գտնվել`Ցեղասպանության խնդիրն ընկալելով որպես Հայրենիքի կորստի խնդիր`հայերի ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ: Սակայն, միայն 50 տարի անց հայերն սկսեցին գիտակցել, որ հայտնվել են թուրքերի խորամանկ ծուղակում: Միջազգային հանրության ուշադրությունը խնդրի էությունից շեղելու նպատակով Անկարան որդեգրել է 1915 թ. Հայոց ցեղասպանության`բոլորի համար ակնհայտ փաստի ժխտման քաղաքականություն: Ավելին, շարունակելով պնդել, որ հայերն իրենց հերթին նույնպես ոչնչացրել են իրենց`թուրքերը հայերին ներքաշել են Ցեղասպանության փաստի շուրջ անուղղակի երկխոսության մեջ`երկրորդ պլան մղելով կորցրած Հայրենիքի համար փոխհատուցում ստանալու առաջնահերթ նպատակը: Այդ իսկ պատճառով Ցեղասպանության հերքման դեմ հայ ժողովրդի պայքարը վերաճել է տարբեր երկրների խորհրդարանների կողմից այդ փաստի ճանաչման և դատապարտման ձեռքբերման:
Եվ ինչի՞ հանգեցինք մենք այդ քաղաքականության արդյունքում:
Պահանջելով Ցեղասպանության միջազգային ճանաչում`մենք վերադարձել ենք զրոյական մակարդակի`վիճարկելով ամբողջ 50 տարի`1915 թ.-ից մինչև 1965 թվականը, կասկածի չենթարկվող իրողությունը: Այո, այս կամ այն խորհրդարանի կողմից ցանկացած ճանաչում ուղեկցվել է թուրքական կառավարության կեղծ նյարդային արձագանքով`կոչված ցույց տալու իրենց խիստ մտահոգությունն աշխարհի կողմից Ցեղասպանության ճանաչման հեռանկարով: Իրականում դա նրանց ընդհանրապես չի հուզել, իսկ ժխտման քաղաքականությունն ընդամենը հայությանը և Հայաստանին անիմաստ բանավեճի մեջ ներքաշելու նպատակ է հետապնդել: Շատերը չեն նկատել, որ գրեթե բոլոր խորհրդարանների բանաձևերում, բացի ՌԴ Պետդումայից և Հայաստանի ու ԼՂՀ խորհրդարաններից, կետն այն մասին, որ Ցեղասպանությունն իրականացվել է հայերի հայրենիքում, բացակայել է: Մնացած ավելի քան երկու տասնյակ բանաձևում Ցեղասպանության փաստը հիշատակվել է Օսմանյան կայսրության տարածքում:
Այս համատեքստում հայերի առաջնահերթ խնդիրը Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին այդ հանցագործության համար արժանի փոխհատուցման հասնելու ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքը պետք է լինի: ՙ100-ամյա զրպարտության համար՚ միջազգային դատարաններ սեփական ճանապարհը կասեցնելու նպատակով Հայաստանը պետք է կանխարգելիչ միջոցների դիմի: Անկարան բազմիցս նաև նման սպառնալիքներ է հնչեցրել:
Չե՞ք վախենում արդյոք, որ գերտերությունների և տարածաշրջանային առանձին կենտրոնների երկակի չափանիշների և դիրքորոշումների առկայությունը կարող է լուրջ մարտահրավեր հանդիսանալ այդ գործընթացի համար:
Երկակի չափանիշների առկայությունը գերտերությունների քաղաքականությունում նոնսենս չէ և արդեն վաղուց ոչ ոքի համար գաղտնիք չէ: Նման քաղաքականության շրջանակներում Եվրոպայի սրտում`Կոսովոյի սերբական հողի վրա, ստեղծվեց մահմեդական պետություն`այն պատճառով, որ Կոսովոյի ալբաններն էթնիկ զտման են ենթարկվում: Այսինքն, Կոսովոյի`որպես պետություն ստեղծման և միջազգային ճանաչման անհրաժեշտությունը ծագել է այդ էթնոկրոնական տեսակի պահպանման նպատակով: Իսկ ո՞վ ասաց, որ նման խնդիր չկա հայերի դեպքում: Նույն աշխարհը 1920 թվականին Փարիզում, Սան Ռեմոյում և Սևրում համապատասխան որոշումներ ընդունեց, որոնք փաստացի ստեղծում են Հայաստան, որտեղ հայերը գոյատևելու և որպես էթնոս պահպանման հեռանկարներ կունենային: Եվ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը Հայաստանի կազմում Տրապիզոնի ներառման համաձայնություն տվեց, որը երբեք պատմական Հայաստանի մաս չի հանդիսացել: Հայերի`որպես հինավուրց քաղաքակրթական էթնո-մշակութային-կրոնական գործոն, պահպանման նպատակով էլ Հայաստանին 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք տրամադրելու որոշում է կայացվել: Այդ ժամանակ միջազգային իրավունքը մեկնվել է մեր օգտին: Այսօր իրավիճակը փոքր-ինչ այլ է. ստատուս-քվոյի պահպանման բարդ խնդիր է ծառացած:
Այդ պատճառով աշխարհը հակված չէ փոխելու Երկրորդ համաշխարհայինի արդյունքում ստեղծված ստատուս-քվոն:
Ուկրաինան ընդամենը յալթյան աշխարհակարգի քանդման վերջին օրինակն է...
Բնականաբար, երբ Հարավսլավիան, Իրաքը, Սիրիան, Լիբիան փլուզելու անհրաժեշտություն է առաջանում, որոշ երկրներ աշխարհակարգում ստատուս-քվոյին որևէ ուշադրություն չեն դարձնում: Իսկ Ուկրաինայի մասնատման հարցում Արևմուտքը, անշուշտ, հասել է նպատակին, քանի որ, որքան էլ տարօրինակ է, հենց Արևմուտքում են ձգտել Ղրիմը հանձնել Ռուսաստանին` թշնամի դարձրնելով ռուս և ուկրաինացի ազգակից ժողովուրդներին: Այդ պատճառով Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության պլանաչափ իրականացման հետևանքով թուրքերի կողմից հայ ժողովրդին հասցված վնասը փոխհատուցելու հայցով Միջազգային դատարան դիմելուց առաջ մեզ հարկավոր է շոշափել միջազգային հանրության տրամադրությունները, գերտերությունների մոտեցումները`հնարավորինս մեր դիրքորոշումները մոտեցնելով նրանց: Քանի որ, դատարանների վրա, անշուշտ, ճնշում է գործադրվելու: Գոյություն ունի ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության գործոնը, և ոչ ոք չի վերացրել մերձարևելյան դաշնակցի հետ նորմալ հարաբերությունների Դաշինքի երկրների բնական ձգտումը: Հատկապես հաշվի առնելով ԻԼԻՊ-ի ի հայտ գալը, որն արդեն սպառնում է Թուրքիային: Ըստ որում, խորապես համոզված եմ, որ դատարանի անաչառ գտնվելու դեպքում միջազգային իրավունքը հայ ժողովրդի կողմից կլինի`չնայած երկակի չափանիշներին և աշխարհաքաղաքական նպատակահարմարությանը:
Ի՞նչ ենթատեքստ եք տեսնում Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում Էթյեն Մահչուփյանի նշանակման մեջ:
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում Էթյեն Մահչուփյանի նշանակման ենթատեքստը հարկավոր է Հայոց ցեղասպանության ժխտման`50 տարի հաջող գործող մոտեցման անարդյունավետության մեջ փնտրել: Այսօր աշխարհն այդ հանցագործության մասին այնքան է իրազեկված, որ Թուրքիան այլևս չի կարող հիմարաբար ժխտել բոլորին հայտնի այդ փաստը: Պայմաններում, երբ դա ուղղակի ծիծաղելի է դառնում, թուրքերը ստիպված էին հին ժխտման նոր միջոցներ հորինել: Առաջին ծիծեռնակը Ռեջեփ Էրդողանի հայտարարությունն էր, որում նա ցավակցություն հայտնեց ոչ միայն հայերի ժառանգներին, այլ նաև Թուրքիայի մահմեդական բնակչությանը: Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում Էթյեն Մահչուփյանի նշանակումն այդ ճանապարհին ձեռնարկված ամենաշատ աչքի զառնող հնարքն էր: 2010 թ. ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը ևս կոչված էր ընդգծելու հարևանների ՙբարյացակամությունը՚: Այդ ամենը տեղավորվում է միջազգային հանրության ուշադրությունը խնդրի էությունից շեղելու Թուրքիայի միասնական քաղաքականության մեջ: Վստահ եմ, որ բոլոր այդ քայլերը ոչ այլ ինչ են, քան իմիտացիա:լ-
Ձեր կարծիքով, Թուրքիայի սահմանների մոտ ՙԻսլամական պետության՚ ահաբեկիչների վերջին գործողություններն արդյո՞ք իրական սպառնալիք են վերջինիս անվտանգությանը:
Հաշվի առնելով, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության պտուղները, որպես կանոն, դրսևորվում են տասնամյակներ անց աշխարհաքաղաքական նոր իրողության տեսքով`շատ դժվար է հասկանալ իրավիճակը, երբ ԱՄՆ-ը սկզբում ստեղծում է կառուցվածք, որը կարող է պայքարել Բաշար Ասադի դեմ, իսկ այդ կառուցվածքի փլուզումից հետս սկսում պայքարել վերջինիս արմատական հատվածի դեմ: Մեկ բանում այսօր կարելի է վստահ լինել. ՙԻսլամական պետությունն՚ ստեղծվել է Արևմուտքում: Դրա առաջին վկայությունը Թուրքիայի ձգտումն է, որն այսօր ամեն գնով փորձում է տեղավորվել Նահանգների կողմից Արևելքում տարվող խաղի շրջանակներում: Սակայն, կան աշխարհաքաղաքական որոշակի տարրեր, որոնք խանգարում են Թուրքիային անել դա: Արդյունքում Անկարան և անձամբ Թուրքիայի նախագահն ստիպված է երկակի խաղ խաղալ` փորձելով իսլամական աշխարհին ապացուցել իսլամին իր նվիրվածությունը: Մյուս կողմից` լոյալություն դրսևորելով ԱՄՆ և ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ`Անկարան ներկայանում է որպես ԻԼԻՊ հակառակորդ: Ըստ որում, զուգահեռաբար հրաժարվում է բացել սահմանը Թուրքիայի քրդերի համար, ովքեր ցանկանում են օգնել սիրիացի եղբայրներին: Թուրքիան նաև կոչ է անում Արևմուտքին մասնակցել ցամաքում ԻԼԻՊ դեմ մարտական գործողություններին, ինչին ԱՄՆ-ը և դաշնակիցները, հիշելով Վիետնամը և Կորեան, երբեք չեն գնա: