ԲՀԿ
խորհրդարանական խմբակցությունը մտադիր է մշակել օրենսդրական փոփոխությունների
փաթեթ, որոնք նպատակաուղղված կլինեն փոքր և միջին ձեռնարկատիրության օբյեկտների
գործուենության պարզեցմանը: Սեպտեմբերի 29-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա ասելով, Խմբակցություն են դիմել ՓՄՁ
ներկայացուցիչներ, որոնք դժգոհ են հոկտեմբերից 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության
հարկի մասին» օրենքի փոփոխություններից: Պատգամավորը բոլոր շահագրգիռ
խմբակցություններին կոչ է արել գործուն մասնակցություն ունենալ ինչպես օրենսդրական
ակտերի մշակմանը, այնպես էլ դրանց քննարկմանը: Նա հիշեցրել է, որ այսօր ԱԺ պատերի
մոտ հավաքվել են մեծ թվով դժգոհ
ձեռներեցներ, ովքեր պահանջում են ծագած խնդիրների շուտափույթ լուծում: «Հարցը
պահանջում է խնդրի արագ կարգավորում», - նշել է պատգամավորը:
2014 թվականի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է 3.5%-ից մինչև 1% նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների համար: Բացի այդ, ներդրվում է ընտանեկան բիզնեսի կարգավիճակը: Այլ խոսքով, տարեկան մինչև 12 մլն.դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կգրանցվեն ընտանեկան բիզնեսի կարգավիճակով, ազատվելով հարկեր վճարելուց: 2015 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ նկատմամբ կիրառվեն պատասխանատվության հետևյալ միջոցները: Սկզբում սուբյեկտը կնախազգուշացվի, իսկ կրկնության դեպքում կտուգանվի 20 հազար դրամով: Երրորդ անգամ տոգանքը կկազմի տարեսկզբից հաշվարկված շրջանառության 5%-ը, իսկ չորրորդ խախտման դեպքում սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ գործողության դաշտում: 2016 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ այն սուբյեկտը, որը չի ունենա փաստաթղթերի շրջանառություն, տուգանք կվճարի ավելի բարձր` 5% դրույքաչափով, իսկ կրկնվելու դեպքում կհայտնվի ԱԱՀ դաշտում: Դրա հետ մեկտեց, կներդրվի «բարեխիղճ հարկատու» համակարգը, որով ենթադրվում է, որ ՓՄՁ-ն ինքնուրույն տեղափոխվում է «սպիտակ դաշտ» և հարկային մարմնին է ներկայացնում համապատասխան փաստաթղթերը: Կհստակեցվեն նաև վարչական իրավախախտումների պատասխանատվության նորմերը, ինչպես նաև կխստացվեն վարչական իրավախախտումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմները: