Նախաքննության փուլում խոշտանգումները բացառելու համար անհրաժեշտ է օրենսդրական բարեփոխումներ անցկացնել Հայաստանում, այսօր ՙԽոշտանգումների արդյունավետ քննությունը Հայաստանում. արդիական խնդիրները և միջազգային փորձը՚ հանրային քննարկման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Նա նշել է, որ կասկածյալները բռնության և խոշտանգումների են ենթարկվում նախաքննության փուլում, քանի որ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդպիսով փորձում են անհրաժեշտ ցուցմունքներ կորզել: ՙՀարցի լուծման համար անհրաժեշտ է օրենսդրական բարեփոխումներ անցկացնել, որոնք կկանխեն նման գործողությունները, անհրաժեշտ է ապահովել դատարանի լիակատար անկախությունը՚,- նշել է իրավապաշտպանը:
Փաստաբան Հայկ Ալումյանը գտնում է, որ խոշտանգումների պրակտիկան գոյություն ունի`ինչպես կասկածյալների պաշտպանների, այնպես էլ ոստիկանների վատ պատրաստվածության պատճառով, ովքեր կրթական հաստատություններում անհրաժեշտ հմտություններ ձեռք չեն բերում: ՙՔննիչները կարծում են, որ անպատիժ կմնան, այդ պատճառով նման միջոցների են դիմում՚,-գտնում է նա: