Ապրիլի 13-14-ը Ստամբուլի միջազգային կինոփառատոնի ժամանակ տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում հայ և թուրք կինոգործիչների հերթական հանդիպումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, այս տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը հատուկ ուշադրություն կհատկացնի Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Պատահական չէ, որ կինոպլատֆորմի շրջանակներում ներկայացված նախագծերի մեծ մասը վերաբերել է 1915 թ. ողբերգությանը:
Հարությունյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թուրք հասարակության մի մասը չի վախենում բացահայտ խոսել Հայոց ցեղասպանության մասին`իշխանություններին կոչ անելով ճանաչել այդ պատմական փաստը: Երկու երկրների միջև բաց երկխոսության կողմնակիցներ են նաև Ստամբուլի կինոփառատոնը և ՙAnadolu kultur՚ կազմակերպությունը /Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի համակազմակերպիչ/:
Թուրք ռեժիսորները նախկինում էլ Հայոց ցեղասպանության թեմայով նախագծեր են ներկայացրել կինոպլատֆորմի ժամանակ: Այս տարի այդ թեմային է վերաբերել թուրքական կիոնանախագծերի 80%-ը: Հարությունյանը նշել է, որ Թուրքիայում բնակվող ռեժիսորները պատրաստ են ոչ միայն բացահայտ խոսել Ցեղասպանության մասին, այլ նաև ֆիլմեր նկարահանել 1915 թ. իրադարձությունների մասին:
ՙՆման ֆիլմերը չեն կարող թուրքական կառավարության ֆինանսական աջակցությունն ակնկալել, սակայն դա չի կանգնեցնում ռեժիսորներին, ովքեր ցանկանում են պատմել Ցեղասպանության մասին՚,- նշել է Հարությունյանը:
Այս տարի ստամբուլյան հանդիպման արդյունքների համաձայն ընտրվել է 10 նախագիծ. 5-ը`Հայաստանից և Սփյուռքից, 5 –ը`Թուրքիայից: Լավագույն նախագիծը $10 հազարի չափով ֆինանսավորում կստանա: Երկու երկրների կինոգործիչների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսին Երևանում`ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլի 16-ին Ստամբուլում` 28-րդ միջազգային կինոփառատոնի ՙMeetings on the bridge՚ ծրագրի շրջանակում: Ծրագրի նախաձեռնողներն են`ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնը և ՙ Anadolu kultur՚ կազմակերպությունը: