2015 թվականին Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի 2
մլրդ. խոր.մետր բնական գազ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում
նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:
Նրա խոսքով, 2015 թվականին նոր ինդիկատիվ հաշվեկշռով
առանց տուրքերի բնական վառելիքի մատակարարման պայմանագիրն ստորագրել են`ՌԴ
տնտեսական զարգացման փոխնախարար Եվգենի Ելինը և ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Ինչպես նշել է հայ փոխնախարարը,
համաձայնագիրը կգործի մինչև 2015 թվականի դեկտեմբերի 15-ը:
Իսայանը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանն ակնկալում
է Ռուսաստանից ստանալ 2.5 մլրդ.խոր.մետր գազ: Բացի այդ, հայկական շուկային գազ
կմատակարարի նաև Իրանը, տարեկան 500 խոր.մետր: Նշենք, որ 2014 թվականին Ռուսաստանը
Հայաստանին մատակարարել է 2.061.7 մլն.խոր.մետր բնական գազ: 2013 թվականի
դեկտեմբերի 2-ին ստորագրված Համաձայնագրով 1 խոր.մետր գազի պայմանագրային գինը 270
դոլարից իջավ մինչև 189 դոլար: Հայաստան մատակարարվող գազի գների ձևավորման
ընթացքում որպես հիմք է ընդունվել գազի գինը մինչև ՌԴ Օրենբուրգի մարզ, որին
ավելացվում են սահմանից մինչև սպառողը գազի տեղափոխման ծախսերը:
Հայաստանում ռուսական գազի մատակարարումը կազմակերպելու
հարցերով 1997 թվականից զբաղվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին`
ՀայՌուսԳազարդը), որը հիմնականում զբաղվում է բնական գազի տեղափոխումով,
բաշխմումով և իրացումով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գազապահեստարանների
վերակառուցումով և գազատրանսպորտային համակարգի ընդլայնումով: