Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի`հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք հանդիպումից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ երկխոսություն և առաջընթաց են ակնկալում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանից համանախագահ Իգոր Պոպովը`պատասխանելով նախագահների փարիզյան հանդիպումից ակնկալիքների վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին:
ՙԿարծում եմ, որ հանդիպմանը կարող էին քննարկվել հակամարտության կարգավորման առանցքային տարրերը, ինչպես նաև հակամարտության գոտում լարվածության թուլացմանը և հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում զոհերի թվի նվազեցմանն ուղղված քայլերը՚,- հայտարարել է Պոպովը`հիշեցնելով, որ ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսին իրավիճակը հակամարտության գոտում կտրուկ սրվել է, սակայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Սոչիի հանդիպումից հետո այն փոքր-ինչ կայունացել է:
ՙՀուսամ, որ այդ կայունացումը շարունակական կլինի: Կարծում եմ, որ փարիզյան հանդիպումը երկու առաջնորդների Սոչիի և Ուելսի հանդիպումների տրամաբանական շարունակությունը կլինի՚,- նշել է Պոպովը:
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահներն այս օրերին գտնվում են տարածաշրջանում: Նախօրեին նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ, վաղը հանդիպումներ կանցկացնեն ՀՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ: