«Թուրքիայի վրա ցեղասպանության ստվեր անգամ չկա», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով նախօրեին Եվրախորհրդրաանի ընդունած բանաձևը, հաղորդում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:
Էրդողանի ասելով, անկախ Եվրախորհրդարանի որոշումից, այն մեկ ականջից կմտնի, մյուսից` դուրս կգա: Էրդողանը հայտարարել է, որ ինքը կանտեսի բանաձևի շուրջ Եվրախորհրդարանի քվեարկության արդյունքները:
Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի լիակազմ նիստում ընդունվել է բանաձև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Բանաձևն ընդունվել է ապրիլի 14-15-ի քննարկումներից հետո` ձայների ճնշող մեծամասնությամբ: Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում նաև նշվում է, որ Եվրախորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին, ինչիպես նաև Եվրահանձնաժողովին և Եվրախորհրդին կոչ է արվում հետևել իր օրինակին: Եվրախորհրդարանը նաև առաջարկում է սահմանել Ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օր: