Ապրիլի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լուս Ֆրենկելը։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և
հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը ողջունել է Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների այցելությունը Հայաստան և կարևորել նրանց հետևողական ջանքերը Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամական գործընկերության զարգացման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պատվիրակության անդամների շարունակական քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և ասել, թե խորհրդանշական է, որ նրանք այցելում են Հայաստան 20-րդ դարի առաջին ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակի օրը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ կոնգրեսականները ընդգծել են, որ այցելությունը լավ հնարավորություն է առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային խնդիրների մասին և վստահեցրել են, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացմանը: Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխադարձ վստահությունը տարբեր բնագավառներում փոխգործակցությունն ընդլայնելու լավ երաշխիք է:
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: