Ադրբեջանը կլուծի Լեռնային-ղարաբաղյան հակամարտությունը` ինչքան էլ թանկ նստի: Չլուծվող հակամարտություններ չկան: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նախարարը նշել է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում լավատեսական հինքեր կան:
«Լեռնային-ղարաբաղյան հակամարտույթունը չի կարող մնալ ներկայիս վիճակում: Դրա լուծման համար գոյություն ունի միջազգային իրավական բազա, մասնավորապես, ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը»,-գտնում է ադրբեջանցի նմախարարը:
Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը համոզված է, որ Հայաստանում իշխանության կգան ավելի խելամիտ մարդիկ, որոնք կհասկանան, որ հարևանների հետ լավ հարաբերությունները հաջողություն են ապահովում: «Հայաստանի ներկայիս ղեկավարության անհեռատես քաղաքականության արդյունքն է, որ այդ երկիրը դուրս է մնացել Հարավային Կովկասում իրականացվող բոլոր նախագծերից: Վստահորեն հայտարարում եմ, հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կլուծվի առաջիկայում»,-հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ, պարզաբանելով «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովում տեղի ունեցած դեմարշը, Մամեդյարովը նշել է, որ գագաթնաժողովում Ադրբեջանը հայտարարեց, որ իր համար հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունքները ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն են:
«Նրանք չէին ուզում այդ կետը ներառել Հռչակագրում, ինչի դեմ էլ մենք բողոքեցինք: Բանը նրանում է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն ամենակարևոր իրավաբանական փաստաթղթերն են, և հակամարտությունը պետք է կարգավորվի դրանց հիման վրա: Այնուամենայնիվ, համաձայնությունը ձեռք բերվեց: Ադրբեջանն ստորագրեց Հռչակագիրը, բայց հատուկ վերապահումով: Մայիսի 25-ին ԱԳՆ կուղարկի հատուկ հայտարարություն, պարզաբանելով, թե ինչպես ենք մենք տեսնում այդ հակամարտության կարգավորումը: Այդ հայտարարությունը պետք է կցվի գագաթնաժողովի վերջնական փաստաթղթին: Դրանով հարցը կլինի փակված»,-եզրափակել է ԱԳՆ ղեկավարը:
Նշենք, որ մայիսի 22-ին Ռիգայի գագաթնաժողովում տեղի ունեցավ սկանդալ, քանի որ վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթնոժողովի ամփոփիչ Հռչակագիրը, ղարաբաղյան պրոբլեմի վերաբերյալ տեղ գտած ձևակերպումների պատճառով: «Ադրբեջանական կողմի նման քայլը հիասթափեցրեց եվրոպական երկրների ներկայացուցիչներին, ինչից գագաթնաժողովում նախագահող Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան վրդովվեց ու հայտարարեց չծրագրված ընդմիջում»: Ի վերջո, ամփոփիչ Հռչակագիրն ստորագրվեց, սակայն, որոշ վերապահումներով: