Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը պետք է փոխզիջումային լինի և ներառի Հայաստանի ու Բելառուսի կարծիքները, մայիսի 22-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին այդպիսի կարծիք է հայտնել իրազեկ դիվանագիտական աղբյուրը:
ՙԱրևելյան գործընկերություն՚ գագաթնաժողովն ընթանում է մայիսի 21-22-ը Ռիգայում: Հայաստանը և Բելառուսը հրաժարվել են ստորագրել Ռիգայի գագաթնաժողովի ցանկացած ամփոփոիչ հայտարարություն, եթե դրանում Ղրիմի բռնակցման վերաբերյալ արտահայտություն լինի:
ՙՈչ միայն այդ երկու երկրները, այլ նաև գագաթնաժողովի մի շարք այլ մասնակիցներ քննադատական վերաբերմունք ունեն ամփոփիչ հայտարարության վերաբերյալ, մասնավորապես`ՙՂրիմի բռնակցում՚ բառակապակցության առնչությամբ: Բնական է, որ հռչակագիրը կընդունվի, բնական է նաև այն, որ այն պետք է փոխզիջումային լինի: Այդ պատճառով մենք աշխատում ենք նաև տեքստի շուրջ՚,-նշել է դիվանագետը:
Նրա խոսքով, տարաձայնություններ կան նաև ԵՄ-ին այս կամ այն մասնակցի միացման հնարավորությունների վերաբերյալ դիրքորոշումների առնչությամբ: ՙՓաստաթղթի առնչությամբ փոխզիջման կողմերը դեռ չեն հանգել, և կարծում ենք, որ տեքստը պատրաստ կլինի վաղ՚,- ասել է դիվանագետը:
Մասնակից 6 երկրից առնվազն 2-ը`Վրաստանը և Ուկրաինան, Ռիգայի գագաթնաժողովից ակնկալում են ԵՄ հետ վիզային ռեժիմի վերացում: Սակայն, Ուկրաինայի և Վրաստանի կողմից վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի ուղղությամբ քայլերի իրականացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի մայիսի 8-ին հրապարակված զեկույցն այդ առնչությամբ առանձնակի լավատեսություն չի ներշնչում: