Երևանի գիշերային իրադարձությունները դատապարտող հասարակաքաղաքական կազմակերպությունների թիվն ավելանում է: Այսպես, Հայաստանի փաստաբանների պալատն իր հայտարարությունում դատապարտել է ոստիկանության բռնի գործողությունները ցուցարարների և լրագրողների նկատմամբ և իրավասու մարմիններին կոչ է արել բացահայտել և պատժել մեղավորներին:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել Հայաստանի բազմաթիվ լրագրողական կազմակերպություններ:
Արմինֆո-ն ստացել է ՀՀՇ կուսակցության հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառուներ էին, այլ ակնհայտորեն պատժիչ գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն բռնության ենթարկված քաղացիների ու լրագրողների, այլ նաև Հայաստանի Հանրապետության կայունության, երկրի հեղինակության դեմ։ Հայոց Համազագային շարժում կուսակցությունը՝ դատապարտելով իրավապահ մարմինների ապօրինի գործողությունները, իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ ազարձակել բերման ենթարկված քաղաքացիներին, անաչառ հետաքննություն անկացնել անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման դեպքերի առթիվ, բացահայտել և պատասխանատվության ենթարկել քաղաքացիական հագուստով բռնություն իրականացնող անձանց, նրանց այդ գործողությունների դրդողներին և խրախուսողներին։ Պահանջում ենք անհապաղ բացահայտել և խստագույնս պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ բռնություն իրականացնողներին և մամուլի ներկայացուցիչների նկատմամբ թիրախավորված հարձակում գործելու հրաման արձակողներին։ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը պահանջում է ՀՀ Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունից հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան՝ տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալու և դրանից բխող համապատասխան քայլեր կատարելու համար»:
«Ալյանս» կուսակցությունը նույնպես դատապարտել է անցած գիշեր Երևանում տեղի ունեցած իրադարձությունները և կոչ է արել հայտնաբերել ու պատժել մեղավորներին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր հայտարարությունում պետական ահաբեկչություն է որակել ոստիկանության գիշերային գործողությունները, որոնց համար պատասխանատվություն է կրում անմիջականորեն Սերժ Սարգսյանը: Կազմակերպությունը նաև միջազգային կառույցներին կոչ է արել ակտիվացնել իրենց առաքելությունները Հայաստանում` կամայականությունը կանխելու համար:
Ավելի վաղ հայտարարություններով հանդես էին եկել ԲՀԿ, «Հայկական վերածնունդ», «Ժառանգություն», «Լուսավոր Հայաստան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություները, մի շարք հասարակական կազմակերպություններ:
Նշենք, որ առայժմ «նորություն չկա» կառավարող ՀՀԿ-ից, որի ներկայացուցիչների մեծ մասն այս օրերին հանգստանում են եվրոպական լավագույն առողջավայրերում, ինչպես նաև` նրա զինակից ՀՅԴ-ից:
Անցած գիշեր Երևանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանության հետ բախումների արդյունքում 73 մարդ է հոսպիտալացվել, հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել: Կոտրվել է ԶԼՄ-ների տեխնիկան, շատ լրագրողների տուժել են ոստիկանության կողմից բռնության և հատուկ միջոցների կիրառման արդյունքում: