Լատինամերիկյան խորհրդարանը հուլիսի 31-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։
Prensa Armenia-ն նշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը միաձայն հավանություն է ստացել, միայն մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել քվեարկությունից: «Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն էր, որը 50 տարի առաջ ճանաչեց Ցեղասպանությունը, և այսօր մենք վճռականորեն պաշտպանում ենք այս դիրքորոշումը»,- հայտարարել է Լատինամերիկյան խորհրդարանի նախագահ Ալֆրեդո Աստին։
ԼԱԽ-ը Լատինական Ամերիկայի երկրների խորհրդարանականների խորհրդատվական մարմինն է։ Այն 1964 թվականին Լիմայում հիմնել են լատինաամերիկյան պետությունների ազգային կոնգրեսների ներկայացուցիչները։ Ներկայումս ԼԱԽ անդամներն են 20 երկրներ` Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Գվատեմալա, Հոնդուրաս, Դոմինիկյան Հանրապետություն, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Մեքսիկա, Նիդերլանդների Անտիլյան կղզիներ, Նիկարագուա, Պանամա, Պարագվայ, Պերու, Ուրուգվայ և Էկվադոր (ազգային խորհրդարանների ցրման պատճառով չեն ներկայացված Սուրինամը և Չիլին):
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է ավելի քան երկու տասնյակ երկրների կողմից: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաև ԱՄՆ 50 նահանգներից 45-ի կողմից, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական ժողովրդական կուսակցության, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից: