ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 15-ին կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստում առաջարկել է կոռուպցիայի դեմ պայքարի 2 մոդել:
Մասնավորապես, Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմին, որը կներառի երեք բաղադրիչ՝ քննչական, կրթական և կանխարգելիչ, կամ հակակոռուպցիոն անկախ մարմին, որը կունենա կանխարգելիչ և կրթական գործառույթներ, ինչպես նաև առանձին քննչական մասնագիտացված մարմին: «Հաշվի առնելով մեր երկրի հնարավորությունները և ռեսուրսների մոբիլիզացիայի կարևորությունը՝ երկու մարմնի պարագայում էլ առաջարկվում է օգտագործել ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարողությունները»,-նշել է նախարարը:
«Մենք պետք է հաշվի առնենք, որ ներկայացված յուրաքանչյուր մոդել ունի իր առավելությունները և թերությունները և լսելով հարցադրումները՝ այսօր վերջնական որոշում դեռ չենք կարող կայացնել: Հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը՝ բազմակողմանի քննարկել առաջարկված մոդելները, ևս մեկ անգամ վերհանել դրական ու բացասական կողմերը և երկու ամսվա ընթացքում որոշում կայացնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Պետք չէ շտապել, եթե նաև օրենսդրության հետ հակասություններ կան, պետք է ուսումնասիրել և միջազգային փորձագետների ևս ներգրավել», - ամփոփելով քննարկումը՝ նշել է վարչապետը:
Իսկ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը գնումներում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու և կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար որպես լուծման տարբերակ առաջարկել է, որպեսզի կառավարությունը պարտադրի իր հետ պայմանագիր կնքել ցանկացող կազմակերպություններին բացահայտել իրական սեփականատերերին, ինչպես նաև պետք է վերջիններիս վերաբերյալ ինֆորմացիան հանրայնացվի անվճար հիմունքներով: Զեկուցողը նշել է, որ նշված մոտեցման կիրառման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը և արձանագրված վիճակագրությունը վկայում են կոռուպցիայի մակարդակի նվազման մասին: Արձագանքելով վարչապետ Աբրահամյանն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել առաջարկվող մոտեցումը, և նշելով, որ հարցը շատ կարևոր է ու ընդգրկուն, հանձնարարել է արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել օրենսդրական փաթեթ:
Նշենք, որ մայիսի 12-ին կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ մտադիր է արդյունավետ պայքար սկսել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, ինչպես նաև կրճատել ապարատի անհիմն ծախսերը, համապատասխան հանձնարարություններ տալով նախարարություններին ու գերատեսչություներին: Փետրվարի 12-ին նման հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ եկել է շատ բան փոխելու ժամանակը: Մինչդեռ, Հայաստանի շատ գործընկերներ, այդ թվում նաև ԵՄ և ԱՄՆ, արդեն հայտարարել էին, որ որ մտադիր չեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարին, քանի որ առայժմ չեն տեսնում հստակ և զգալի արդյունքներ: