ԱՄՆ Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև, որով 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանություն:
Մարտի 31-ին ընդունված բանաձևը ներկայացվել էր Burlington Free Press մեկնաբան Քրիս Բոջալյանի ու լոբբիստ Ջեսիկա Օսկիի նախաձեռնությամբ, ուվքեր Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են:
Ինչպես հաղորդում է burlingtonfreepress.com-ը, բանաձևում նշվում է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայ է բնաջնջվել, մինչդեռ Թուրքիան առ այսօր շարունակում է ժխտել այդ փաստը:
Վերմոնտը դարձավ ԱՄՆ 44-րդ նահանգը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 23 երկիր, որոնցից Շվեյցարիան, Սլովակիան և Հունաստանն ընդունել են նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, իսկ Ֆրանսիան պատրաստվում է ընդունել համանման փաստաթուղթ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, ՄԱԿ պատերազմական հանցագործությունների հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ինչպես նաև Նոր Հարավային Ուելսը (Ավստրալիա), Սան Պաուլուն, Սեարա և Պարանան (Բրազիլիա), Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան (Մեծ Բրիտանիա), Բասկերի Երկիրը, Կատալոնիան, Բալեարյան Կղզիները (Իսպանիա), Քվեբեկը (Կանադա), Կիևը, Ուժգորոդը, Իզյումը, Գոլոսեևյան շրջանը (Ուկրաինա), Ղրիմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը` Անկարային կոչ անելով հետևել իր օրինակին և փոխհատուցել այդ ոճրագործության հետևանքները: