ԼՂՀ
պաշտպանության բանակը վտանգավոր և փայլուն հատուկ գործողություն է իրականացրել
հակառակորդի կրակի գոտուց հայ օդաչուների մասունքները դուրս բերելու նպատակով:
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Ազգային վերածնունդ» կուսակցության
առաջնորդ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ
Հարությունյանը:
Նոյեմբերի 22-ին հատուկ գործողության արդյունքում ԼՂՀ ԶՈՒ ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է ադրբեջաբնցի երկու զինծառայող: Պաշտպանության բանակը կորուստներ չունի:
«Հայաստանի
պաշտպանության նախարարը բազմիցս ասել է, որ Երևանն ու Ստեփանակերտը մտադիր են
խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Մենք դիմել ենք բոլոր միջազգային
կազմակերպություններին` մեր զոհված օդաչուների դիակները վերադարձնելու գործում
աջակցություն ստանալու նպատակով: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ
Անջեյ Կասպրշիկն անձամբ մեկնել է այդ հանցագործության գոտի, սակայն Բաքուն բոլոր
այդ կոչերին և քայլերին պատասխանում էր անմարդկային և միջնադարյան մերժմամբ: Թեև ավելի
վաղ, այդ թվում` իմ նախարար եղած ժամանակ, մենք վերադարձրել ենք նրանց
զինծառայողների դիակները: Այդ պատճառով այն, ինչին այժմ ականատես ենք, այլ բան չէ,
քան` Ադրբեջանի անմարդկային դիրքորոշման
դրսևորում», - ընդգծել է նա:
Զինվորականն
ընդգծել է, որ ցանկացած բանակ հզոր է այն բանով, որ գործում է «ինքդ զոհվիր` իսկ
ընկերոջդ փրկիր» սկզբունքով: Նրա գնահատմամբ, ղարաբաղցի զինծառայողների գործողություններն
իրականացվել են ճիշտ և պրոֆեսիոնալ: Դրանով իսկ կատարվել է բանակի և պետության
պարտքն իրենց զինվորների հանդեպ: «Խոցված ուղղաիթռը գտնվում էր չեզոք գոտում, և
ադրբեջանցիները, հասկանալի է, ամեն բան արեցին, որպեսզի մեր տղաներին թույլ չտային
ստանալ դրա բեկորներում պահպանված գաղտնի տեղեկատվությունը: Առավել ևս, որ նրանք
մտադիր էին մեր օդաչուների դիակները փոխանակել գերի ադրբեջանցի դիվերսանտների հետ:
Համոզված եմ, որ հատուկ գործողությունը փայլում է իրականացվել, այդ մարդիկ արժանի
են ամենախորին հարգանքի», - ամփոփել է գեներալ-լեյտենանտը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել էին ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում
գտնվում էին Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: