Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները համարժեք գործողությունների են դիմել արձանագրված նպատակային խախտումների դեպքում:
Ինչպես
ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
վարչությունից, հունվարի 29-ին,
ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել:
Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:
Նշենք, որ տարեսկզբից ի վեր Ադրբեջանը դիվերսիայի բազմաթիվ փորձեր է ձեռնարկել, որոնց արդյունքում կորցրել է 14 զինծառայող, ևս 20-ը վիրավորվել են: Դժբախտաբար, կորուստներ ունի նաև հայկական կողմը: Տարեսկզբից ի վեր շփման գծում և սահմանում հակառակորդի գնդակից զոհվել են 7 հայ զինծառայողներ: