Հայաստանն ակնկալում է հնարավորինս շուտ սկսել ԵՄ հետ Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները և մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը:
ՙ2015 թվականը հատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար, այդ թվում` ինտենսիվ երկխոսության և բարձր մակարդակով այցելությունների տեսանկյունից: Անցյալ դեկտեմբերին Հայաստան-ԵՄ ապագա շրջանակային համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցությունները մեզ թույլ կտան ստեղծել մեր հարաբերությունների համար նոր իրավական հիմք: Հայաստանը միացել է ԵՄ մի շարք ծրագերին կամ գտնվում է միանալու գործընթացում՝ COSME, Horizon 2020, «Ստեղծագործ Եվրոպա՚՚- ասել է Նալբանդյանը: 2015թ. հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց դեկտեմբերի 7-ին։ Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։
Չնայած Հայաստանի՝ 2013թ -ի սեպտեմբերի 3-ի որոշմանը՝ չստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման Համաձայնագիրը, որի մաս էր կազմում Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտին (ԱՀ/ԽՀԱԱԳ), Հայաստանը և ԵՄ-ը շարունակում են քաղաքական և առևտրային երկխոսությունն այն ոլորտներում, որտեղ այս երկխոսությունը համադրելի է Հայաստանի՝ ԵՏՄ-ի հանդեպ նոր պարտավորությունների հետ։