ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջ տվեց Հայաստանի և հարևան երկրների միջև լավաշի շուրջ ընթացող վեճերին: Այսուհետ հայկական ավանդական լավաշն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 26-ին, Փարիզում
ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի
միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում:
Արդեն մոտ մեկ
տարի է, որ լավաշն այդ ցանկում ընդգրկելու Հայաստանի ցանկությունը լուրջ վեճեր է
առաջացնում Իրանում և Ադրբեջանում: Այս տարի ադրբեջանական կողմը պաշտոնական նամակ
էր հղել, առարկություններով և մեկնաբանություններով, կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում լավաշն ընդգրկելու հնարավորության
հետ: Արդյունքում, հայ գիտնականներն ստիպված էին կետ առ կետ պատասխանել
ներկայացրած բոլոր առարկությունների դեմ:
Անտարբեր չմնացին
նաև իրանցի փորձագետները: Նրանցից ոմանք կարծիք հնչեցրեցին, որ լավաշը հանդիսանում
է իրանական հնագույն հացի տեսակ, իսկ մյուսներն Իրանին կոչ արեցին լավաշը
ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելուն:
Մինչդեռ, ինչպես
ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել էր ՀՀ մշակոյթի նախարար
Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի ներկայացրած հայտի կապակցությամբ Իրանից պաշտոնական
մակարդակով առարկություն չի եղել:
Իվերջո,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը վերջ տվեց այդ «հացի խնդրին»: Ընդ որում, ուտելիքն արդեն
առաջին անգամը չէ, որ դառնում է տարբեր երկրների թեժ վեճերի առարկան, նշել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և
պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում արդեն ներգրաված են` «Սասունցի Դավիթ» հայկական ազգային էպոսը, խաչքայի արվեստը և դուդուկի երաժշտությունը: