ՙԺառանգություն՚ կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտադիր է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին զսպող օրինագիծ մշակել: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ ամբիոնից`ներկայացնելով ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ օրենքում փոփոխությունները:
Նրա խոսքով, այդ փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ նիստերի դահլիճում ներկա գտնվող պատգամավորներն աղմկում են, վիրավորական հայտարարություններ անում: Նա նշել է, որ նախատեսվում էր պատժամիջոցներ կիրառել այլ պատգամավորների փոխարեն գրանցվող և քվերակող խորհրդարանականների նկատմամբ: Մասնավորապես, պատգամավորի խոսքով, առաջարկը կայանում էր այն բանում, որպեսզի նրանք պատժի ենթարկվեն իրավապահ մարմինների կողմից, սակայն այդ առաջարկը մերժվել է պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամների կողմից: ՙԿարծում եմ, որ մոտ ժամանակներս հատուկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար կմշակեմ նույն օրենքում փոփոխություններ`նիստը վարողի մասով, քանի որ հենց նա է ռեկորդ սահմանել պատգամավորների խոսափողն անջատելու առումով`զրկելով նրանց ելույթի իրավունքից՚,- ընդգծել է նա:
Դրան արձագանքել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը, ով նշել է, որ ինքը ողջունում է օրենքում փոփոխությունները, քանի որ դրանք կարող են զսպել կարգազանց պատգամավորներին: ՙՍակայն, դա չի նշանակում, որ մենք պետք է հարցն իրավական դաշտ տեղափոխենք, պետք չէ մոռանալ պատգամավորական անձեռնմխելիության մասին՚,- հայտարարել է Սահակյանը: Ըստ որում, նա հեգնանքով նշել է, որ եթե Ուկրաինայում հետևեին Փոստանջյանի օրինակին, խորհրդարանականների կեսն ուղղիչ հաստատություններում կլիներ: