ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է մեկնաբանել ՙԺառանգությունից՚ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները Հայաստանի հանրապետական կուսակցության հետ ԲՀԿ կապերի վերաբերյալ:
ՙՙԺառանգությունից մեր գործընկերները կոչ են արել մեզ ուշադրություն չդարձնել կուսակցության այն անդամների հայտարարություններին, ովքեր լիազորված չեն հանդես գալու վերջինիս անունից՚,- նշել է նա: Ըստ որում, Զոհրաբյանը նշել է, որ ՙԺառանգության՚ անունից լիազորված են հանդես գալու միայն առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ Փոստանջյանը հայտարարել է, որ եռյակի անդամ ՙԲարգավաճ Հայաստանը՚, իր կարծիքով, չի խզել կապը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ: Միաժամանակ նա գտնում է, որ ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ՀՅԴ-ն կառավարող ռեժիմից վերջնականապես երես թեքելու և նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը բարձրացնելու լավ շանս ունեն: